ՀԺԿ-ի նախկին համակիր, Բրյուսելում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանի բողոքների քննությունը՝ ընդդեմ իրեն խոշտանգած ոստիկանների ու Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, կարճվել է: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վիրաբյանի պաշտպան Արտակ Զեյնալյանը:
Ընդդեմ Վիրաբյանին խոշտանգած ոստիկանների մասով գործը կարճվել է վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ Աշոտ Կարապետյանի մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Վիրաբյանը 2004 թվականի ապրիլի 24-ին ծեծի էր ենթարկվել, խոշտանգվել նախկինում ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, ներկայումս Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Մովսիսյանի, նախկինում մարզի պետավտոտեսչության պետի պաշտոնը զբաղեցնող Ավետիք Հարությունյանի կողմից։ Վիրաբյանի՝ խոշտանգման փաստը հաստատված է համարել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Ըստ վճռի՝ ՀՀ կառավարությունը Գրիշա Վիրաբյանին պետք է 25 հազար եվրո վճարեր` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել էր սուտ բացատրություններ տալու մեջ: Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի՝ խոշտանգման հետևանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ԵԴ-ն որակել է «ծայրահեղ կասկածելի և անհավանական»:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ կարճման որոշումներն անհիմն են, իրենք արդեն բողոքարկել են դատախազություն, քանի որ գործի կարճումը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, ինչպես նաև խոշտանգումների բացարձակ արգելքի սկզբունքի էությանը:
Ինչպես արդեն նշեցինք, ՄԻԵԴ-ը ընդդեմ Հայաստանի վճռում հաստատված էր համարել Վիրաբյանի խոշտանգման փաստը, ինչպես նաև ընթացակարգային խախտումներ էին մատնանշվել և ժամանակ էր տվել ՀՀ իշխանություններին պատժել մեղավորներին և կատարվածի պատասխանատուներին: ՄԻԵԴ վճռից հետո քրեական գործ էր հարուցվել, սակայն, փաստորեն, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն գործը կարճվեց: Ինչը նաև նշանակում է ՄԻԵԴ վճռի չկատարում։ «Հայաստանի Հանրապետությունը շատ մեծահոգի է պետական պաշտոնյաների մասով նրանց պատասխանատվության ենթարկելու մասով: Հիշենք Վահան Խալաֆյանի գործը, այս գործը: Վարչական իրավախախտումների օրենսգրքում պետական պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթակելու մասով կետ, բայց այդ օրենքը ոչ մի անգամ չի կիրառվել որևէ պաշտոնյայի մասով: Այ այսքան հանդուրժող է ՀՀ-ն պաշտոնատար անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ, օրինակ, ճանապարհատրանսպորտային իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի պետական պաշտոնատար անձինք իշխանության տերերի նկատմամբ կիրառում են 2 միլիոնի չափ տուգանք»,- նկատեց Զեյնալյանը:
Փաստաբանը նշեց, որ իրենք փորձելու են հայաստանյան ներպետական ատյաններում հասնել նրան, որ գործերը վերաբացվեն, կատարվի օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և մեղավորները պատժվեն:
Ի տարբերություն Զեյնալյանի, Գրիշա Վիրաբյանը հույս չունի, որ Հայաստանում ինքն արդարադատության կհասնի ու մեղավորները վերջապես կպատժվեն: «Ես 2004 թվին էլ, հիմա էլ, երբ որպես տուժող ներգրավված էի գործում, պնդել եմ իմ ցուցմունքը, որ հիմնական վնասվածքները ստացել եմ Աշոտ Կարապետյանի ծեծի հետևանքով: Բայց այդպես էլ առերեսում չկազմակերպվեց և քննիչները հիմք ընդունեցին այն, որ ես իմն եմ պնդում, նա՝ իրենը: Բայց ես նորից դիմելու եմ ՄԻԵԴ և հասնելու եմ նրան, որ Աշոտ Կարապետյանը, ով հիմա Երևանի ոստիկանապետն է, պատասխանատվության ենթարկվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Վիրաբյանը:










































