Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը, թե Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, լուրջ քննարկումների և ընդվզման ալիքի պատճառ դարձավ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ մեր հասարակությունն առաջ գնացող և եվրոպական արժեքներին համակրող հասարակություն է, և Մաքսային միության հետ համագործակցությունը երկրում լուրջ հետընթացների պատճառ կդառնա: Նրա մեկնաբանությամբ՝ Հայաստանում անընդունելի է Ռուսաստանի քաղաքականությունը, և ընդվզումն անխուսափելի է. «Մարդկանց ստիպողաբար ուզում են տանել մի ուղղությամբ, որին բացարձակապես հակված չեն: Ես չեմ կարծում, որ հանրությունն այդ ակնհայտ հետընթացին կհարմարվի, ընդհակառակը՝ քաղաքացիական ընդվզումը կշարունակվի և ավելի բուռն ընթացք կստանա»:
Այն հարցին, թե վերջերս նկատվող բռնության երևույթները կկարողանա՞ն ճնշել հանրության ըմբոստությունը, տիկին Ալեքսանյանը պատասխանեց, որ հանրությունն այլ արժեքների կրող է և պատրաստ չէ հետ գնալ ու սահմանափակված իրավունքներով ապրել. «Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում շարունակելը բերելու է ավելի վատ վիճակի, քան կա այսօր: Պետք է ազատվել Ռուսաստանից և թոթափել այն մտայնությունը, թե Ռուսաստանը մեզ համար կարող է ապագա լինել: Ես նկատի չունեմ, որ պետք է խզվեն բոլոր կարգի հարաբերությունները, սակայն այս իշխանությունները պետք է կարողանան համաչափ քաղաքականություն վարել, հաշվի նստել հանրության հետ և ընտրել այն, որն ընտրել է հանրությունը և որը կապահովի առաջընթաց»:
Նրա համոզմամբ՝ ԵՄ-ն այն է, ինչին սպասում էր հանրությունը:
«Առաջին լրատվական»-ը նաև զրուցեց «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ղեկավար, ՔԿՀ վարչության նախագահ Արման Դանիելյանի հետ:
Լևոն Բարսեղյանի մեկնաբանությամբ՝ Մաքսային միությունը նոր ձևավորվող կառույց է, որի մասին շատ բան հայտնի չէ, իսկ ԵՄ-ի հետ մենք համագործակցում ենք արդեն 4 տարի և լավ ծանոթ ենք դրա գործունեությանը. «Մտահոգությունն այն է, որ Մաքսային Միության ձևավորումն անկում ապրող ռուսական կայսրության վերակենդանացման հերթական փորձն է, երբ ցանկություն կա ստեղծել մաքսային գոտի՝ Եվրասիական միության ստեղծման հեռանկարով, և Սերժ Սարգսյանը Հայաստանի անունից իրեն իրավունք է վերապահել խոսել, թե Հայաստանը որոշել է միանալ Մաքսային միությանը»:
Լ. Բարսեղյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանն իր մերձավոր իշխանավորների հետ է դա որոշել, դեռ չի նշանակում, որ Հայաստանն է որոշել. «Անհասկանալի է, թե ինչի վրա հիմնված է Սերժ Սարգսյանն ասել, որ Հայաստանն այս ուղին է ընտրել, չկա նման հենք կամ հանրաքվե, որի վրա կարելի է հիմնվել նման հայտարարություն անելիս»:
Նրա փոխանցմամբ՝ եթե խոսենք զուտ տնտեսական ընդհանրական տարածքից, ապա ԵՄ-ի հետ համագործակցությունն ավելի շահեկան է և ավելի մեծ տնտեսական գոտու հետ կարող ենք գործընկեր լինել, և եթե սա չենք ընտրում, գոնե պետք է տեղյակ պահենք դրա մասին: Այս տեսակետից Հայաստանն արել է անհասկանալի և անթույլատրելի քայլ՝ երկու կողմերի հետ բանակցություններ վարելուց հետո մի կողմին «քցել» է, և էական չէ՝ որ կողմին. «Չորս տարի Հայաստանի հարյուրավոր պաշտոնյաներ ներգրավված են եղել «Արևելյան գործընկերություն» ծրագրի բանակցությունների մեջ, նախաստորագրման, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի մեջ, և այդ ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ ասել են, որ սա է մեր բռնած ուղղությունը, և ի վերջո, պարո՛ն Սարգսյան, եթե որոշել էիր, որ Մոսկվայում նման բան ես ասելու, երկու օր առաջ հրապարակային կերպով պետք էր հանրությանն ասել այդ մասին և Եվրոպային ասել՝ կներեք, չստացվեց: Թե՞ պիտի «Ռիա Նովոստիի» լուրերից եվրոպացիներն իմանային՝ ինչ եք ասել և պարզաբանումների կարիք ունենային»:
Նրա դիտարկմամբ՝ սա լուրջ բացասական ազդեցություն է ունենալու եվրոպական երկրների հետ այլ համագործակցությունների համար, քանի որ ձևավորվելու է անվստահության մթնոլորտ:
Այս կարծիքին է նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ղեկավար Արման Դանիելյանը: Նա «Ժամանակի» հետ զրույցում նշեց. «Վտանգ կա, որ այս քննարկումները կարող են քաղաքական ուղղություն ստանալ» և բերեց Ղազախստանի օրինակը, որը միացել է Մաքսային Միությանը` ասելով, որ այս երկիրը լուրջ հետընթացներ է ապրել: Մեր հարցին` Մաքսային միության հետ համագործակցելու դեպքում նույնը սպասվում է նաև Հայաստանի՞ն, Ա. Դանիելյանն ասաց, որ միանշանակ չի կարող ասել, այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հարաբերություններ կպահպանվեն ԵՄ-ի հետ:
Նրան ավելի շատ մտահոգում է այն հարցը, որ պետությունը՝ ի դեմս նախագահի, անկանխատեսելի է թե՛ այլ պետությունների, թե՛ իր երկրի հասարակության առաջ: Սա կբերի լուրջ խնդիրների, ընդհուպ մինչև նրան, որ Հայաստանը կմնա առանց գործընկերների:








































