Բարձրահարկ շինությունների ու քաղաքային միջավայրի խորհրդի (միջազգային կազմակերպություն, որի շտաբ-գրասենյակը գտնվում է Չիկագոյում) զեկույցում նշվում է, որ երկնաքերներից շատերը, որոնք հիմա ունեն աշխարհի ամենաբարձր շինությունների համբավ, այդ կարգավիճակը ստացել են միայն երկար դեկորատիվ տարրերի շնորհիվ, որոնք տեղադրված են նրանց տանիքներին:
Շատ երկնաքերների ոչ մի դեր չունեցող դեկորացիաներն այնքան երկար են, որ կազմում են դրանց ընդհանուր բարձրության 40 %-ը: Հետազոտությունում նշվում է, որ նման հնարքը թույլ է տալիս դրանց սեփականատեր ընկերություններին ուշադրոթյուն գրավել և հավելյալ գովազդ անել:
Նման շինություններից մեկը Դուբայի «Բուրջ-Էլ-Խալիֆա» հյուրանոցն է՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Այն ներառված է աշխարհի ամենաթանկարժեք հյուրանոցների շարքում, և սեփականատերերն այն «յոթաստղանի. են անվանում: Շինության բարձրությունը 321 մ է, որից ավելի քան 120 մ-ը ոչ բնակելի վերին հատվածն է, որը միայն դեկորատիվ ֆունկցիաներ է կատարում:
Շուտով սրանց շարքը կհամալրի ևս մի դեռ ավարտին չհասցված երկնաքեր, որը կոչվելու է Ազատության աշտարակ կամ Համաշխարհային առևտրի կենտրոն-1: Այն սկսել են կառուցել 2006-ին՝ Նյու Յորքում 2001-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկվորյակ աշտարակների փլուզման վայրում: Շինությունն իր բարձրությամբ պետք է երրորդը լինի աշխարհում և ամենաբարձրն՝ Արևմտյան կիսագնդում: Ինչպես նշվում է հետազոտությունում՝ նման արդյունքի Ազատության աշտարակը կարող է հասնել իր վրա գտնվող 124 մ բարձրությամբ դեկորացիայի շնորհիվ:









































