Հայաստանի Հանրապետությունում սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար Երևան քաղաքում և հանրապետության 10 մարզերում սահմանված մեթոդաբանությամբ կատարվում է սպառողական գների (սակագների) ամենամսյա դիտարկում: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից։
Սպառողական գների ինդեքսի հաշվարկման համար ՍԳԻ-ի զամբյուղում ներառված է 470 ապրանք-ծառայություն (901 ապրանք (ծառայություն)-ներկայացուցիչ):
Հետազոտվող քաղաքներում յուրաքանչյուր ապրանքատեսակի համար գների դիտարկումը կատարվում է նախապես ընտրված 9-12 բազային առևտրի և ծառայությունների կազմակերպություններում։
Գները դիտարկվում են յուրաքանչյուր ամսվա համար 3 անգամ՝ տվյալ ամսվա 1-ին, 10-ին, 20-ին և մոտակա օրերին։ Այնուհետև գրանցված գների հիման վրա կատարվում է միջին ամսական գների հաշվարկ (միջին երկրաչափական)՝ ըստ դիտարկվող քաղաքների և ապրանքատեսակների։
Գների դիտարկման համար ապրանք (ծառայություն) – ներկայացուցիչների ընտրանքը կատարվում է հաշվի առնելով սպառողական շուկայում դրանց հագեցվածության ու սպառման աստիճանը, արդիականությունը, ներկայացուցչական լինելը և այլն, նշելով դրանց տեխնիկական բնութագրերը, չափման միավորը և այլ անհրաժեշտ հատկանիշներ։
Գնային տեղեկատվական բազայի հիման վրա կատարվում է սպառողական գների ամփոփ ինդեքսի հաշվարկ՝ ըստ մարզերի և հանրապետության, ըստ 10 խոշոր և 64 խոշորացված ապրանքախմբերի, ինչպես նաև 470 անվանում ապրանքների և ծառայությունների տեսակների։ ՍԳԻ-ի հաշվարկը կատարվում է Լասպեյրեսի բանաձևով: