Սերժ Սարգսյանը ճիշտ է վարվել` ստորագրելով Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը: Նրա այս արարքի մեջ որևէ սխալ պահ չկա: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով Հայաստանի`Մաքսային միությանն անադմակցության թեմային:
«Ամեն դեպքում հայկական կողմի քայլը պայմանավորված էր միջազգային քաղաքական իրավիճակի սրմամբ: Միաժամանակ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրելուց առաջ իր մտադրության մասին տեղյակ է պահել նեղ շրջանակների: Համոզված եմ, որ նա քայլ է կատարել` ըստ խաղի կանոնների, առանց հանրային քննարկումների:
Ինձ թվում է` պայմանագիրը ստորագրվել է, քանի որ ՌԴ նախագահն ավելի հետաքրքիր դիտարկումներ է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, քան ԵՄ-ն: Սարգսյանը, միանշանակ, Պուտինից Ղարաբաղի մասին ավելի դրական դիրքորոշում է լսել, քան ԵՄ-ից: Դժվար է ենթադրել` սեպտեմբերի 3-ին Պուտին-Սարգսյան բանակցությունների ընթացքում ԼՂ հակամարտության հարցը հատկապես ինչ տեսանկյունից է քննարկվել: Միաժամանակ, ԵՄ-ն արդեն երեք տարի լուրջ ճնշումներ է բանեցնում Հայաստանի վրա: Ապացույցներից մեկն էլ վերջինիս անընդհատ հիշեցումներն են, որ մենք խիստ մոտ ենք Իրանին»,- ասաց քաղաքագետը:









































