ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Սիրիայի դեմ ռազմական օպերացիա արտոնող բանաձևի քվեարկությունը կարող է հետաձգվել առնվազն 2 շաբաթով՝ հայտնում է խորհրդարանական Hill թերթը՝ հղում անելով հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կանտորի՝ պատգամավորներին ուղղված նամակին:
Նամակում ասվում է, որ պալատի անդամները հաջորդ երկու շաբաթվա ընթացքում պետք է սպասեն լարված դեբատների և քվեարկության՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդները նախատեսում էին, որ քվեարկությունը կարող է կայանալ մինչև սեպտեմբերի 9-ը, սակայն վարչակազմի ծրագրերը Կոնգրեսում բախվել են լուրջ ընդդիմության:
Սենատը բանաձևը կքննարկի սեպտեմբերի 11-ին, իսկ դրա ընդունումը համարվում է հավանական, սակայն Ներկայացուցիչների պալատում Սիրիայի վերաբերյալ առաջարկի կողմնակիցների թիվը մեծամասնություն չի կազմում: Ներկայացուցիչների պալատում հնարավոր է՝ բանաձևի այլընտրանքային տարբերակներ քննարկվեն, որոնք այնուհետև կառաջարկվեն Սենատի քննարկմանը:
Եթե նախկինում Սպիտակ տան ղեկավարը վստահեցնում էր, որ Սիրիայում օպերացիան կկրի սահմանափակ բնույթ՝ ժամանակի և մասշտաբների առումով, ապա այժմ, որոշ տվյալներով՝ Վաշինգտոնում քննարկվում է ավելի մասշտաբային ռազմական գործողություններ անցկացնելու հնարավորությունը:








































