«Սասնա ծռեր» խմբի անդամ Գևորգ Իրիցյանի մոտ արձանագրվել են մի շարք խրոնիկ հիվանդություններ, որոնք ձեռք է բերել մինչ կալանավորումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Գ. Իրիցյանը հիմնարկի բուժմաս է տեղափոխվել 2016թ. օգոստոսի 3-ին ձախ ազդրի հետհրազենային վերքի բուժման նպատակով: Հետագայում Գ. Իրիցյանի մոտ արձանագրվել են մի շարք խրոնիկ հիվանդություններ, որոնք ձեռք է բերել մինչ կալանավորումը: Քրեակատարողական հիմնարկում նա ենթարկվել է սոնոգրաֆիկ և ռենտգեն հետազոտությունների, բազմիցս զննել են մաշկաբանն ու նյարդաբանը: Պարբերաբար ներկայացվել է նաև բժշկական աշխատանքային հանձնաժողովի (ԲԱՀ) նիստերին, ինչի արդյունքում մի շարք հետազոտություներից հետո նշանակվել են համապատասխան բուժումներ, որոնք նա, բժիշկների դինամիկ հսկողության ներքո, մինչ այժմ ստանում է, ինչն արձանագրված է վերջինիս հիվանդության պատմագրում:
Ինչ վերաբերում է հատուկ սննդակարգին, ապա տեղեկացնենք, որ «հատուկ սննդակարգ» հասկացություն գոյություն չունի: Կալանավորված անձը կամ դատապարտյալն իրավունք ունի ստանալու հավելյալ սնունդ հիվանդի դիմումի հիման վրա, բժիշկների ցուցմամբ, ըստ անհրաժեշտության»:
Լուսանկարը` PAN Photo-ի









































