Fiat (որին պատկանում է Maserati մակնիշը) և Chrysler ընկերությունների փաստացի միաձուլումը նոր լուրերի առիթ է տվել այն մասին, թե Maserati Levante կրոսովերը կունենա Jeep մակնիշի մեքենայի նոր թափքը և ԱՄՆ-ում կհավաքվի: Օրերս պարզ է դարձել, որ դրանք միայն խոսակցություններ են:
Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ Fiat-ի ղեկավարությունը որոշել է Maserati-ի նոր մոդելը հավաքել Թուրինում գտնվող կոնցեռնի գործարաններից մեկում: Այսպիսով, Levante-ն մակնիշի առաջին մոդելը կդառնա, որն ավելի քան 70 տարիների ընթացքում առաջին անգամ կհավաքվի Maserati-ի՝ Մոդենայում գտնվող գործարանից դուրս:
Առաջին կրոսովերները կսկսեն վաճառվել արդեն հաջորդ տարվանից: Մեքենայի համար ուժային նոր ագրեգատներ չեն ստեղծվել, այլ օգտագործվում են բոլորովին վերջերս մշակվածները:
Maserati-ն նոր կրոսովերի արտաքին տեսքի մասին հուշել է մի քանի ավտոսրահներում ցուցադրված Kubang կոնցեպտի միջոցով:
Իսկ Դեթրոյթի գործարաններից մեկում կրոսովերը հավաքելու գաղափարն իրականում քննարկվել է Fiat-ի ղեկավարության կողմից, սակայն դա հնարավոր չէ՝ այնտեղ հավաքվող Jeep Grand Cherokee-ի բարձր պահանջարկի պատճառով:










































