Կալանավորված սարիթաղցիների հարազատները շարունակում են նստացույցը Գլխավոր դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել 10 սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել են 2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո։
Դատախազությունից պահանջում են փոխել տղաներին առաջադրված մեղադրանքը, քանի որ, ըստ նրանց, առաջադրված մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում:
Գործով կալանավորված անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:
«Պահանջում են գնալ մյուս մայթ, բայց դա իմաստ չունի: Մենք միջնորդություն ենք ներկայացրել, սպասում ենք գլխավոր դատախազի պատասխանին, չեն ասում, թե երբ կլինի պատասխանը: Ոչ մեկիս էլ հաճելի չէ, բոլորս էլ աշխատող մարդիկ ենք, ընտանիքի մայր ենք, սիրուն չէ:
Մեր իշխանությունները մեզ հասցրեցին այս վիճակին: Պարոն նախագահն ի՞նչ է մտածում… Թող ազատ արձակեն, ամեն մեկը գա, իր ընտանիքի կարիքները հոգա: Մեղք ենք, մի օր էլ մենք մեզ կին զգանք, եկել ենք տղամարդու պես պայքարում ենք», – «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































