«Մասնակցելու եմ ընտրություններին այն սևեռուն գաղափարով, որ «Ելք» դաշինքը հաղթական շանսեր ունի Երևանի ավագանու ընտրություններում։ Թիմը երիտասարդ է, բանիմաց, աշխատող և ուղղակի հաճույք է նրանց հետ աշխատելը։ Մշակվում է մի ծրագիր, որը առաջարկում է Երևանի խնդիրների լուծման հնարավոր ճանապարհները։ Միակ մտահոգությունս այն է, որ երիտասարդները դեռ տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց իրենք տեսականորեն տիրապետում են շատ խնդիրների, հուսամ՝ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա», – այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի Երևանի ավագանու ցուցակի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը։
Նրա խոսքով՝ նոր ավագանին արմատապես տարբերվելու է իր գործունեությամբ և, օրենքով սահմանված կարգով , քաղաքացիների կամքը հաշվի է առնվելու։
Անահիտ Բախշյանը անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու է ընտրել «Ելքը» և ոչ իր նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ «Զարուհու այն քայլերը, որոնք տանում էին կուսակցության ստեղծմանը, ես մասնակից չեմ եղել, անհաղորդ եմ եղել։ Զարուհին ասել է, որ ես էդքան բծախնդիր չեմ, ասում է՝ ինքը բծախնդիր է, իսկ ես՝ ոչ: Այդ իմ ոչ բծախնդրությունը ինձ թույլ չտվեց գնալ այդ կուսակցություն»,- նշեց Բախշյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































