ՀՅԴ-ն կոալիցիայի հարցում բանակցում է ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք այս փուլում խոսում ենք նոր ստեղծված իրավիճակում մեր նոր որակով համագործակցության մասին»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հետ համագործակցության մեկ տարվա փորձ ունեն, և սա նաև լավ առիթ է՝ ամփոփելու, թե որքանով են կարողացել այդ համագործակցությունն ավելի արդյունավետ օգտագործել ի շահ երկրի: Այդտեղ, ըստ նրա, շտկումների անհրաժեշտություն կա, ներսում հարաբերությունները ստեղծված նոր իրավիճակին համապատասխանեցնելու խնդիր կա. «Խորհրդարանական կառավարման համակարգը նաև պահանջում է ներիշխանական հարաբերությունների համապատասխանեցում այդ նոր համակարգին»:
Անդրադառնալով հարցին՝ ՀՅԴ-ն համագործակցության և կոալիցիայի հնարավորություն տեսնո՞ւմ է մի ուժի հետ, որն այնպիսի ընտրություններ անցկացրեց, որի որակից անգամ ՀՅԴ-ն էր դժգոհ, և ՀՅԴ-ի պահանջով Փարպի գյուղի ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց, Ա. Ռուսատմյանը նշեց. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մենք չենք կարող գործել մեր միջավայրից դուրս, Հայաստաում պետք է գործենք, ոչ թե Հայաստանից դուրս: Եվ ուրեմն այնպիսի գործիքներ պետք է ունենանք, որը հնարավորություն է տալու մեր առջև դրված խնդիրները լուծել:
Այս անցած ընտրությունները հստակ ցույց տվեցին, որ բոլոր նրանք, ովքեր խոսում էին ինչ-որ արդյունքների մասին, այդ արդյունքներն ի վերջո ձեռք են բերել համագործակցության միջոցով: Սա փաստ է: Ով որևէ օրենք անցկացրել է կամ ծրագիր է իրականացրել, դա եղել է միայն այն դեպքում, երբ կարողացել են համագործակցել է իշխանության հետ: Ուրեմն այս ընտրությունները շատ լավ առիթ են, որ այս պոռոտախոսությունից մենք ազատվենք: Պետք է իրերն իրենց անուններով կոչել, պետք է մարդ կարողանա իրական հնարավորություններով դատել»:
Ըստ նրա՝ իրենք ՀՀԿ-ի հետ համագործակցությունից գոհ են եղել, բայց դա չի խանգարել ընտրությունների մասին իրենց գնահատականը տալ և պահանջել, որ Փարպիում չեղյալ համարվեն ակնհայտ ու ճչացող խախտումներով անցկացված, ուղղորդված ընտրությունների արդյունքները:
Մանրամասները՝ տեսանյութում:











































