Ազգային Ժողովի դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր է համարել, որ ԱԺ նոր նախագահ լինի Կարեն Կարապետյանը՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը, որը ՀՀԿ ռեյտինգային պատգամավորներից ամենաշատ ձայն հավաքած կամ բերածն էր: Կարեն Կարապետյանը 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո զբաղեցրել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնը: Ակնկալվում էր, որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո նա կստանձնի վարչապետի պաշտոնը, որի շուրջ Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ձեռք են բերել ներդրումային պայմանավորվածություններ: Սակայն վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը՝ ԿԲ նախագահը: Դա անակնկալ նշանակում էր, ՀՀԿ-ի համար անընդունելի նշանակում: Տեղեկություն եղավ, որ Սարգսյանի այդ նշանակումը թելադրվել է միջազգային ֆինանսական կառույցներից, որտեղ Տիգրան Սարգսյանը ուներ դրական ճանաչում:
Իսկ Սերժ Սարգսյանն էլ գնաց այդ քայլին, որպեսզի պահպանի միջազգային դրական վերաբերմունք իր հանդեպ, ինչը առավել քան կարեւոր էր 2008-ի Մարտի 1-ից հետո հանրային գրեթե տոտալ անվստահության պայմաններում: Միեւնույն ժամանակ, բացառված չէ, որ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանը այդ պայմաններում հրաժարվել էին ստանձնել վարչապետի պաշտոնի պատասխանատվություն՝ լավ պատկերացնելով, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական խնդիրները, որ սպասելու էին Սերժ Սարգսյանին, որոնցից էլ նա ինչ որ պահի փորձելու էր ազատվել՝ այդ ամենը հենց վարչապետի վրա բարդելով: Կարեն Կարապետյանը որոշ ժամանակ անց դարձավ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, այդ պաշտոնից հրաժարական ներկայացնելով 2011 թվականի աշնանը, երբ սկսվել էր ՀԱԿ-ՀՀԿ կամ Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսության գործընթացը: Թե ինչքանով էր կապված հրաժարականն այդ գործընթացի հետ, այդքան էլ պարզ չդարձավ: Դրանից հետո սակայն Կարեն Կարապետյանը, ըստ էության, տեւական ժամանակ աննկատ էր՝ իհարկե 2012-ին դարձյալ ընտրվելով պատգամավոր: Նա համեմատաբար աննկատ եւ լուռ էր մինչեւ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալը, որից հետո Կարապետյանը բավական կոշտ քննադատության էր ենթարկում կառավարության գործողությունները:
Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո Կարապետյանների դերակատարումը կարծես թե շեշտակի աճել է, վարչապետի պաշտոնում է նշանակվել Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմից», որը Սամվել Կարապետյանի հետ մտերիմ է եւ նաեւ բիզնես գործընկեր: Այդպիսով, եթե Կարեն Կարապետյանը լինի վարչապետ, իսկ Տաշիրից Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ, ապա կստացվի, որ երկու այդ առանցքային դիրքերում Կարապետյաններն են ոչ միայն ազգանունի, այլ թիմային ընդհանրությամբ: Դա կնշանակի, որ Կարապետյանները զգալի ընդլայնում են իշխանության մեջ իրենց տարածքը, թեեւ, անկասկած, այստեղ արդեն չկա զարմանալի ոչինչ, առավել եւս, որ այդ հավակնության մասին հայտարարվել է դեռեւս հունվարին: Երբ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել էր Մոսկվա՝ առաջին պաշտոնական այցով, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ մի քանի տասնյակ հայ գործարարներ հայտարարեցին նրա ծրագրերին ներդրումային աջակցություն ցուցաբերելու մասին: Իսկ արդեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նրանք հայտարարեցին Հայաստանի ներդրողների ակումբ ստեղծելու մասին: Այդ ֆոնին հետաքրքրական է հիշել հենց 2008-ից հետո Սերժ Սարգսյանի եւ Սամվել Կարապետյանի ներդրումային պայմանավորվածության մասին, որի դիմաց, ըստ մամուլի, Տաշիրից Կարեն Կարապետյանը նշանակվելու էր վարչապետ: Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը վերադառնո՞ւմ են այդ պայմանավորվածության «տառին ու ոգուն», արդեն ոչ միայն վարչապետի, այլ նաեւ ԱԺ նախագահի պաշտոնը վերցնելու դիմաց: Ի վերջո, վարչապետ Կարեն Կարապետյանը չունի խորհրդարանական հենարան, եւ այդ իմաստով նրա գործունեության համար կարեւոր է խորհրդարանում վստահության նվազագույն երաշխիք ունենալը, ինչը կապահովվի Կարեն Կարապետյանի նախագահությամբ:
Իհարկե դժվար է ասել, թե որն է խաղի առանցքը, հատկապես նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, որեւէ կերպ չի հայտնում վարչապետի պաշտոնը հանձնելու մտադրության մասին: Նա մշտապես բաց է թողնում այդ հարցը՝ չհերքելով ու չհաստատելով, թե կարող է հավակնել վարչապետի պաշտոնին: Դրան զուգահեռ, հարց է առաջանում, թե արդյո՞ք Սամվել Կարապետյանը հենց դրա համար է ցանկանում ԱԺ նախագահի պաշտոնը Կարեն Կարապետյանի համար, որպես այսպես ասած երաշխիք՝ եթե Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ինքը գնա վարչապետի պաշտոնին, հեռացնելով Կարեն Կարապետյանին: Թե՞ տեղի է ունենում պարզապես «ապրանքափոխանակում»: ԱԺ նախագահի պաշտոնն իհարկե ավելի շուտ խորհրդանշական պաշտոն է, քանի որ ի վերջո մեծամասնության քվեարկությամբ են կայացվում ԱԺ որոշումները, ընդունվում օրենքները: Օրինակ՝ ԱԺ նախագահ է եղել Տիգրան Թորոսյանը, ինչը ամենեւին չի նշանակել, թե նա ազդեցություն է ունեցել մեծամասնության վրա: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը, իհարկե, Տիգրան Թորոսյան չէ, թե համակարգում իր այսպես ասած՝ քաղաքական, թե առավել եւս Սամվել Կարապետյանի ֆինանսական կշռով: Սակայն կան ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, որոնք ՀՀԿ խմբակցությունում Կարապետյանի ազդեցության գոտում չգտնվող հատվածի հետ միասին, ըստ էության, կարող են կազմել ստվերային մեծամասնություն:










































