Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների համագումարը, որին մասնակցում է նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Վերահսկիչ մարմինների քննարկման հիմնական թեման գյուղատնտեսության ոլորտում իրականացվող վերահսկողության խնդիրներն էին:
Իշխան Զաքարյանն իր ելույթում գործընկերներին առաջարկել է ուժեղացնել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում իրականացվող պետական գնումների ոլորտում:
ԱՊՀ երկրների վերահսկիչները համաձայնվեցին գյուղատնտեսության ոլորտը պահել իրենց ուշադրության կենտրոնում, իրականացնել այդ ոլորտում շատ ավելի երկկողմ և բազմակողմ համատեղ վերահսկողական միջոցառումներ և խորհրդակցություններ:
Համագումարի ընթացքում Իշխան Զաքարյանը Ղազախստանի բարձրագույն վերահսկիչ մարմնի նախագահ Մուսինի հետ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Վերահսկիչ կառույցները, բացի մասնագիտական թեմաներից, քննարկեցիննաև մի շարք կազմակերպչական և կանոնադրական խնդիրներ, մասնավորապես որոշվեց հաջորդ համագումարը հրավիրել Մոլդովայում, իսկ 2015 թվականին 15-րդ հոբելյանական համագումարը՝ Հայաստանում:
Աստանայում մեկնարկած համագումարի աշխատանքների ավարտից հետո Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ իր արաբ գործընկերոջ հետ կքննարկի դեռևս Երևանում կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող մի շարք համատեղ ծրագրեր:
Լուսանկարը՝ Photolure-ի









































