Մաքսային միության անդամ դառնալը չի նշանակում, թե Հայաստանը լքում է եվրոպական վեկտորը: Այս կարծիքին է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով՝ սխալը Մաքսային միություն մտնելու ձևն էր, երբ որոշումը կայացվել է Մոսկվայում՝ առանց հասարակությանը նախապատրաստելու:
«Տեղյակ չէր նաև Եվրամիությունը»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ ԵՄ-ի հակազդեցությունը ևս ավելի շատ վերաբերելու է որոշման ձևին:
Մաքսային միությունը օգուտ կտա՞ Հայաստանին, թե՞ ոչ. ըստ Մանոյանի՝ հայտնի չէ: «Ասացին՝ որոշումից առաջ ինչ-որ հետազոտություններ են կատարվել, և ինչ-որ հնարավորություններ են պարզվել: Բայց այդ հնարավորությունների մասին պատկերացումներ չկան, և որ ավելի կարևոր է՝ դրա մասին ասվում է միայն որոշումը հայտնելուց հետո»,- նշեց Մանոյանը:
Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հայտարարության մեջ անգամ, ըստ դաշնակցականի, անորոշություն կար: Սերժ Սարգսյանն իր խոսքում ասում էր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու ցանկության մասին, մինչդեռ հայտարարության տեքստում արդեն կայացված որոշման մասին էր խոսվում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































