Հանրապետականը երեկ գործկոմի նիստ է գումարել, որը կարելի է համարել յուրահատուկ նիստ այն պատճառով, որ ավելի խոսուն է եղել նիստի շուրջն առկա իրավիճակը, քան բուն բովանդակությունը, քննարկվող հարցերն ու կայացված որոշումները: Նախ այդ մասով նշենք, որ ՀՀԿ-ն, բնականաբար, ամբողջ կազմով կողմ է քվեարկել Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանը, ինչն, իհարկե, կասկածից վեր էր, որովհետև դա մի որոշում է, որ ՀՀԿ-ին պահում է, այսպես ասած, իր «քաղաքակրթական բնօրրանում», որտեղ ՀՀԿ-ական քրեաօլիգարխիան իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Նույնը չէր կարելի ասել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի դեպքում, քանի որ այդ համաձայնագիրը Հայաստանին պարտադրելու էր գալ որոշակի բարձր ստանդարտների բոլոր հարցերում:
Ինչպես արդեն երեք օր շարունակ, այս անգամ էլ ՀՀԿ-ականները, մասնավորապես խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել (http://www.1in.am/arm/armenia_politics_212143.html) են, որ այս որոշումը կայացվել է Հայաստանի շահերից ելնելով և բնականաբար` առանց որևէ ճնշման: Այստեղ, իհարկե, մեկնաբանություններն ավելորդ են: Տեղի ունեցածը, մեղմ ասած, շատ, բազմազան և մեկը մեկից դիպուկ մեկնաբանությունների է արժանացել քաղաքացիական ակտիվ հանրույթի կողմից: Եվ այս առումով հասանք ամենաէականին կամ ամենախոսունին, քան քննարկման բովանդակությունը:
ՀՀԿ գործկոմի նիստը նախօրեին անցել է գրեթե արտակարգ դրության պայմաններում: Տարբերությունը եղել է երևի թե այն, որ արտակարգ դրություն ոչ թե մայրաքաղաքով կամ երկրով մեկ է հայտարարվել, այլ միայն Մելիք Ադամյան փողոցով, որտեղ ՀՀԿ-ի կենտրոնական շենքն է: Բայց երևի առայժմ միայն Մելիք Ադամյանով, որովհետև գործկոմի նիստի այդ հարակից մթնոլորտը հուշում է, որ շուտով երևի թե իշխանությունները հասարակությանը լռեցնելու համար արտակարգ դրություն կհայտարարեն ողջ երկրով մեկ:
Մելիք Ադամյան փողոցը փակ է եղել անցորդների համար, և նրանց թույլատրել են անցնել միայն անձը հաստատող փաստաթղթի դեպքում: Սա պարզապես աննախադեպ, ցնցող մի իրավիճակ է՝ մարդն իր հարազատ քաղաքի փողոցով անցնելու համար պետք է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնի, ինչ է թե այդ փողոցում իշխանական մի կուսակցություն գործկոմի նիստ է անցկացնում: Նման բան երևի թե նույնիսկ ԽՄԿԿ կուսակցական միջոցառումների ժամանակ տեղի չէր ունենում:
Այլ կերպ ասած` Հայաստանի իշխանություններն արդեն երևի թե լիովին մտնում են Մաքսային միության դերի մեջ և այս տեսանկյունից ՀՀԿ-ի երեկվա գործկոմի նիստը կարելի է նույնիսկ համարել դրա «ռեպետիցիա»՝ փորձ, տեսնելու համար, թե ինչպես է ստացվում իրենց մոտ, հո հետ չեն մնում Բելառուսից, Ռուսաստանից և Ղազախստանից:
Լուսանկարը՝ Photolure-ի









































