Պաշտոնական Մինսկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարություններն այն մասին, թե Բելառուսում քաղբանտարկյալներ կան` իրականությանը չեն համապատասխանում. «Մայիսի 27-ին Բելառուսի վերաբերյալ Օբամայի հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում և հիմնված չէ իրական փաստերի վրա»,- այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Անդրեյ Սավինովը:
Նրա խոսքերով, «արդեն որերորդ անգամ ամերիկյան կողմը հայտարարում է պատժամիջոցների ավելացման մասին` այն դեպքում, երբ ԱՄՆ-ն այլ երկրների հետ հարաբերությունների փորձից պետք է իմանա, որ պատժամիջոցների քաղաքականությունը գործուն չէ»: Նա զարմանք է հայտնել Օբամայի այն մտքի կապակցությամբ, որ հնարավոր են պատժամիջոցներ բելառուսական պետական ընկերությունների դեմ:
Սավինովը հռետորական հարց է ուղղել` ասելով, թե ինչպես կարելի է պատժամիջոցներ կիրառել պետական ընկերությունների դեմ, եթե այնտեղ միլիոնավոր մարդիկ են աշխատում` նշելով, որ այսքանից հետո «երեսպաշտություն է Բելառուսի ժողովրդին աջակցելու Օբամայի դատողությունը»:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման նախօրեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն քաղաքական բանտարկյալ է համարում նախագահական ընտրությունների ժամանակ որպես թեկնածուներ հանդես եկած, ապա դատապարտված Վլադիմիր Նեկլյաևին, Անդրեյ Սաննիկովին, Վիտալի Ռոմաշևսկիին, Նիկոլայ Ստատկևիչին և Դմիտրի Ուսին: Օբաման նաև ասել էր, որ պատժամիջոցներ են կիրառվելու, և դրանք ավելացվելու են բելառուսական պետական ընկերությունների նկատմամբ:








































