Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է իր ժողովրդին ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրությունների առթիվ: Շնորհավորական ուղերձում նա նշել է, որ հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: «Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու»:
Անցած տարվա սեպտեմբերին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացնում էր նորանշանակ վարչապետին, իր խոսքում նշեց, որ պարոն Կարապետյանի հետ քննարկել են բազմաթիվ, այդ թվում և ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու հարցը: Այն ժամանակ Սարգսյանի այդ միտքը ԶԼՄ-ներից յուրաքանչյուրը յուրովի վերծանեց, բայց ընդհանուր եզրակացությունն այն էր, որ նախագահը փորձելու է Կարեն Կարապետյանի միջոցով ձեւավորել նոր ՀՀԿ կամ ՀՀԿ նոր մեծամասնություն:
Նորանշանակ վարչապետի անցած ամիսների գործունեությունը ցույց տվեց, որ նոր բանի սպասելու կարիքը չկա, քանի որ ինքը էությամբ ՀՀԿ-ական է, վաղուց այդ թիմի անդամն է ու իրեն բոլորովին էլ վատ չի զգում ՀՀԿ-ական ճահճում, կլինի օլիգարխների հետ, թե կուսակցության գաղափարական թևի (եթե, իհարկե, նման թև կա) կամ բիզնես էլիտայի (սրանք Հայաստանի չափանիշներով հսկա բանակ են կազմում) ներկայացուցիչների հետ հարաբերվելիս:
Երբ նա գրեթե մենակ շարունակեց իր վարչապետ կարգվելու հաջորդ իսկ օրվանից սկսած քարոզարշավը (որին կեսից միացան Վիգեն Սարգսյանն ու Արփինե Հովհաննիսյանը), մարդկանց մոտ առաջին տպավորությունն այն էր, որ եկել է պահը և նա փորձում է զատվել ՀՀԿ-ից ու դրանով ժողովրդին ցույց տալ, որ ինքը կոռումպացված ու վերջնականապես ապականված այդ թիմի հետ ընդհանրություններ չունի և առաջիկայում էլ նրա հետ երկար ճանապարհ անցնելու մտադրություն չունի: Բայց դա այդպես չէր, քանի որ ՀՀԿ ցուցակը հուշում էր, որ նրան թույլ էր տրվել իր թիմից այնտեղ ընդգրկել խիստ սահմանափակ թվով մարդկանց, դրանով իսկ պարզ էր դառնում, որ ՀՀԿ-ում ինքը լուրջ թիմ ունենալ չի կարող (ինչը բացառում է ՀՀԿ-ի նոր մեծամասնության վարկածը): Վարչապետի կողմից քարոզարշավի շարունակելուց արդեն հասկանալի էր, որ ինքն ընդունել է թելադրված պայմանները: Մյուս կողմից էլ պարզ դարձավ, որ «ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու» Սերժ Սարգսյանի ակնարկը նույնպես իրականության հետ ոչ մի ընդհանրություն չուներ և արված էր նախընտրական տրամաբանության շրջանակներում:
Քարոզչության ընթացքում հրապարակումներ եղան, որ պարոն Կարապետյանը արգելել է ոչ անհայտ Միհրան Պողոսյանին ներկա գտնվել իր նախընտրական հանդիպումներին: Գուցե թե արգելել էր: Բայց նրա ամբողջ գործունեության ընթացքում դա ՀՀԿ-ին ու իր օդիոզ «դեմքերին» ինքնուրույն դեմ գնալու միակ դեպքն էր: Պողոսյանի, որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի, օվշորի հետ կապված լինելը խայտառակություն էր երկրի համար, այդուհանդերձ չհամարձակվեցին նրան ցուցակներից դուրս թողնել: Իսկ ոչ պատահաբար հնչեցված հարցը ու պարոն Կարապետյանի ցուցադրական պատասխանը, որ Միհրան Պողոսյանին կառավարությունում չի տեսնում, դարձյալ նույն էժան փիառի տրամաբանության ծիրում էր: Մինչդեռ ցուցադրականից զատ, նախընտրական ժամանակաշրջանում, գրեթե ամիս ու կես հանրապետությունով մեկ ՀՀԿ-ի (բնականաբար նաև սատելիտ կուսակցությունների) կողմից ընտրակաշառքի մասսայական բաժանման գործընթաց էր տեղի ունենում, հարյուրավոր դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ անօրինաբար, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը՝ աշխատակիցներին ու երեխաների ծնողներին պարտադրում էին ընտրել ՀՀԿ-ին (ինչի անժխտելի ապացույցները հրապարակվեցին), իսկ վարչապետը ասելու ոչինչ չուներ: Առնվազն մանկամտություն կլինի մտածել, որ Կարեն Կարապետյանը դրանցից տեղյակ չէր: Այդուհանդերձ նա ոչ միայն ինչ որ կերպ զգացնել չտվեց, որ նման մեթոդներով երկիր փոխելու կողմնակիցը չէ, այլև ՀՀԿ-ի իր դեմքով ու 10 հազար դրամանոցով տարած պյուռոսյան հաղթանակից հետո հարկ համարեց խփել այս գործընթացի՝ իրեն հասանելիք վերջին ակորդը, հատուկ շեշտելով հանրության բոլոր հատվածների համար, որ «այս ընտրություններն անցկացվել են ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին»: Եվ շարունակելով, որ «մեր թիմի ստացած քվեն պարտավորեցնում է»: ՀՀԿ-ն քվե չի ստացել, գնել է այն, իսկ այդ դեպքում հարց է առաջանում՝ ո՞ւմ է պարտավորեցնում, իրե՞նց, թե՞ ընտրողներին, որին արդեն վճարել են, և ինչի դիմաց վերջինս պարտավոր է իրեն «չափի մեջ պահել»:
Այդպիսի՞ն են լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի փոփոխությունները, նրա այդ ամիսների քարոզածը դա՞ էր: Նման կեղծիքների, ժողովրդին մասսայաբար կաշառքի ու բարոյականության սահմանները ոտնահարելուն պարտադրելո՞ւն է ուղղված լինելու նրա բարեփոխական գործունեությունը, թե՞ ընտրությունների ավարտով ներկայացումն էլ է ավարտված ու արդեն կարելի է հանել դիմակները: Հավանաբար չէ, դեռ 2018թ.-ի ապրիլ կա, դրանից հետո միայն կհանեն դիմակները, եթե, իհարկե, մինչև այդ իրեն չհանեն:








































