Անգլիացի գրող Չարլզ Դիքենսի Քենթ դքսությունում գտնվող տունը, որտեղ նա ապրել է վերջին 13 տարիներին, կվերածվի թանգարանի՝ հաղորդել է BBC News-ը:
Գեդսհիլ-Փլեյս երկհարկանի տունը 1920 թ.-ից ծառայել է որպես դպրոց: Դիքենսի աշխատասենյակը դարձել էր դպրոցի տնօրենի գրասենյակը, իսկ մնացած սենյակները՝ որպես դասասենյակներ:
Սակայն ըստ ներկայիս տնօրեն Դևիդ Քրեգսի՝ գրողի տունը արդեն չի համապատասխանում ժամանակակից կրթության պահանջներին: Այդ պատճառով դպրոցը շուտով նոր շենք կտեղափոխվի:
1856 թ.-ին գրողը 1.790 ֆունտով նոր տուն էր ձեռք բերել և մեկ տարի անց Լոնդոնից տեղափոխվել այնտեղ:









































