Չիլիի դատավորները ներողություն են խնդրել համաքաղաքացիներից, ովքեր կորցրել են հարազատներին բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ՝ 1973-90թթ.: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Չիլիի դատավորների ասոցիացիան իր հայտարարության մեջ խոստովանել է, որ դատական համակարգը չի կատարել մարդու հիմնարար իրավունքների երաշխավորի իր դերը:
Մասնավորապես, ներողությունը հասցեագրվել է այն քաղաքացիներին, ովքեր դիմել էին դատարաններ՝ փորձելով գտնել քաղաքական ռեպրեսիայի շրջանում սպանված կամ առևանգված հարազատներին: Հայտարարության մեջ ասվում է, որ տարբեր դատական ասոցիացիաները, մասնավորապես՝ Գերագույն դատարանը նման հարցումներն արհամարհել է: Ըստ տվյալների՝ նման բան տեղի է ունեցել մոտ 5000 անգամ:








































