«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը։
-Պարոն Իգիթյան, ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 4 քաղաքական ուժ է ներկայացված լինելու Ազգային ժողովում։ Առկա պատկերն ինչի՞ մասին է խոսում, չնայած համատարած դժգոհությանը, Հանրապետական կուսակցությունն ինչպե՞ս կարողացավ այդքան շատ քվե ստանալ։
– Ընտրակաշառք, վարչական ռեսուրս, մարդկանց ցուցակագրում, այս ամենը որևէ կապ չունի գաղափարների մրցակցության հետ։ Այս ընտրությունները Հայաստանի պատմության մեջ երևի թե ամենաապաքաղաքականացված ընտրություններն էին։ Ես նույնիսկ հիշում եմ՝ մասնակցել եմ առաջին Գերագույն խորհրդի ընտրություններին, այն ժամանակ միայն մեծամասնական համակարգ էր, բայց նույնիսկ այդ ժամանակ ընտրատարածքներում գաղափարական պայքար էր գնում, կար բանավեճի հնարավորություն։ Իսկ հիմա ամեն ընտրատարածքում մոտ 100 թեկնածու կա, մարդիկ զբաղված են մի բանով, որը որևէ կապ չունի գաղափարի հետ։ Այս մթնոլորտը, այս աղմուկը ձեռնտու չէր այն քաղաքական ուժերին, որոնք գաղափարներով են ընտրություններին մասնակցում։ Եվ արդյունքում եղավ այն, ինչ եղավ։
-ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դուրս մնաց խորհրդարանից, թեպետ, շատերի կարծիքով ՝ այս ուժը պետք էր Սարգսյանին ղարաբաղյան հարցով զիջումների գնալու դեպքում աջակցություն ստանալու համար։ Կարծում եք՝ հանրությունը չընդունե՞ց խաղաղության այդ բանաձևը, կարո՞ղ ենք ասել՝ սրանով պարզ դարձավ, որ տարածքային զիջումներով ղարաբաղյան հարցի կարգավորումը մերժելի է մեր հասարակության համար։
–Այն, որ պետք էր իշխանություններին՝ չի նշանակում, որ իշխանությունը պետք է կեղծեր ընտրությունները ու որևէ ուժի բերեր Ազգային ժողով։ Դա ձեռնտու էր իշխանություններին, այո, իհարկե Ս. Սարգսյանին ձեռք է տալիս ունենալ խորհրդարանում մի ուժ՝ ի դեմս առաջին նախագահի, ոչ թե փողոցից բերված մի ուժի, որը ավելի զիջողական տարբերակ է առաջարկում, քան այն, ինչին պատրաստ է գնալ ինքը։ Զիջումների նշաձողը առաջին նախագահի կողմից այնքան է իջեցվել, որ ցանկացած զիջումային տարբերակ ավելի լավն է լինելու, քան այն , ինչի մասին խոսում է Տեր-Պետրոսյանը։ Իշխանությունը այսուհետ կարող է ասել, որ ես ավելի լավ տարբերակ եմ առաջարկում, ավելի շատ զիջող էլ կա։ Բայց սա վնասակար է ընդհանուր Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար, իհարկե կոմֆորտ է իշխանությունների համար, բայց ինձ համար էական չէ՝ իշխանությունները կոմֆորտի՞ մեջ են, թե՞ ոչ։ Ցանկացած քաղաքացու համար կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվի ի շահ Ղարաբաղում բնակվողների և հայկական երկու պետությունների։
-«Ազատ դեմոկրատներն» այն միակ ուժն էր, որ հստակ հայտարարում էր, որ ինքն արևմտամետ է, և որ Հայաստանը պետք է անմիջապես դուրս է գա ԵԱՏՄ-ից։ Հիմա այն տոկոսը, որ ստացավ այդ ուժը, ինչի՞ մասին է խոսում, որ Հայաստանում պրոարևմտյան արժեհամակարգը տեղ չունի՞, թե՞ պարզապես գաղափարն իրենց կողմից լավ չհասցվեց հանրությանը։
–Ես կարծում եմ, որ «Ելքն» էլ ունի այդպիսի տեսակետ։ Ցավում եմ, որ «Ազատ դեմոկրատները» խորհրդարանում չեն լինի, բայց դա չի նշանակում, որ այդ գաղափարը Հայաստանում պարտվել է։ Այն, ինչ մենք տեսանք ընտրատարածքներում, քարոզարշավի ժամանակ՝ այդ պրոցեսը որևէ աղերս չունի գաղափարական պայքարի հետ։ Ես խոսել եմ Եվրոպայից այստեղ եկած իմ գործընկերների հետ․ նրանք զարմացած են, որ այս մեկ ամսվա ընթացքում որևէ դեբատ տեղի չունեցավ, բայց ամբողջ քաղաքակիրթ աշխարհում դա ընդունված է։ Ես հիշում եմ՝ թե՛ Գերագույն խորհրդի, թե՛ Ազգային ժողովի առաջին գումարման ընտրությունների ժամանակ լրատվամիջոցները նույնիսկ կարողացել են մի ընտրատարածքի պատգամավորներին մի սեղանի շուրջ նստեցնել ու դիսկուրս անցկացնել՝ 5, 6, 7 թեկնածու կար մի ընտրատարածքում։ Հիմա նման բան չկա, մի ընտրատարածքում 100 հոգի է առաջադրվում, վազում են այս կողմ այն կողմ, ձայն են հավաքում, այդ աղմուկի մեջ ինչպե՞ս պետք է «Ազատ դեմոկրատները» կամ ցանկացած քաղաքական գաղափարախոսություն ունեցող ուժ կարողանար հասցնել իր մոտեցումները ընտրողին։ Նույնիսկ Դաշնակցությունը, որ էլի ունի գաղափարախոսություն՝ իրենց թեկնածուներից լսել եմ, որ նույնիսկ իրենք իրենց գաղափարները չեն կարողացել հասցնել հանրությանը։ Այսինքն՝ նույնիսկ իշխանության մեջ գտնվող ուժը չկարողացավ, ընդդիմությունն ինչպե՞ս պետք է կարողանար։
-Աջակցում էիք «Ծառուկյան» դաշինքին և պաշտպանեցիք այն փաստը, որ Արարատ Զուրաբյանն առաջադրվեց այդ դաշինքից՝ ռեյտինգային համակարգով։ Իրենք ձգտում էին մեծամասնության և շատ հարցումների համաձայն՝ ունեին այդ պոտենցիալը։ Ինչո՞ւ չստացվեց։
–Նախ, ես հնարավորություն չեմ ունեցել պաշտպանել որևէ դաշինքի, Արարատ Զուրաբյանը որպես անհատ ընդգրկված էր ցուցակում և իր աշխատանքը տարավ։
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա կրկնեմ այն, ինչ ասում էի ընտրություններից առաջ։ Միակ հնարավորությունը Հայաստանում ոչ թե գաղափարական, այլ թվաբանական ձևով փոխել համակարգը՝ դա կլիներ այն, որ շատ ուժեր հավաքվեին այդ դաշինքում և միասին գնային։ Հիմա արդեն պարզ է, որ առանձին-առանձին հանդես գալը միայն նպաստում է իշխանության վերարտադրությանը։ Խորհրդարան չանցած ուժերի ընդհանուր ձայնի այդ տաս տոկոսը նպաստեց, որ իշխանությունները կարողանան միանձնյա կառավարություն ձևավորել՝ անհրաժեշտության դեպքում։ Այսինքն՝ եթե չցանկանան, նույնիսկ կոալիցիա չեն ձևավորի։ Հնարավոր չէ, որ որևէ կուսակցություն այս համակարգով 7 տոկոսից ավելի ձայն հավաքի, այնպիսի համակարգ է, որ ընդդիմությունը՝ «Ազատ դեմոկրատների» նման գաղափարական կուսակցությունը տեղ չունենա Հայաստանում։ Դու գաղափարախոսություն չես ներկայացնում, այլ ամեն ընտրատարածք մարդկանց է գործուղում, որ ցուցակներով ու կաշառք բաժանելով զբաղվեն։ «Ծառուկյան» դաշինքի դեպքում՝ հնարավոր էր, եթե այնտեղ այլ կուսակցություններ էլ հայտնվեին, և ֆինանսական ռեսուրսը և Ծառուկյանի վարկանիշը կբերեր ոչ թե գաղափարական, այլ գոնե թվաբանական հաղթանակի։ Հիմա ունենք այն, ինչ ունենք․ «Ծառուկյան» դաշինքն ընդամենը 27-28 տոկոս հավաքեց։
–Ամփոփելով՝ առկա պատկերը ի՞նչ է հուշում։ Առաջիկայում ռեալ փոփոխությունների ականատես կլինե՞նք։ Եթե նույնիսկ ընդդիմությունը չունի մեծամասնություն, գոնե ի շահ ՀՀ քաղաքացիների հարցերը կբարձրացվե՞ն, հանրօգուտ աշխատանք կտարվի՞։
–Ես ուզում եմ լավատես լինել, բայց չեմ կարող՝ մի քանի պատճառներով։ ՀՀԿ-ն իր ընտրվելու հույսը դրել էր այն մարդկանց վրա, որոնք մերժվում են մեր հասարակության քաղաքակիրթ մարդկանց կողմից։ Այդ մարդկանցից մենք ամաչում ենք, բայց նրանք ՀՀԿ-ի համար հաղթանակ են ապահովել։ Խոսքը Արփինե Հովհաննիսյանի, Վիգեն Սարգսյանի, Կարեն Կարապետյանի մասին չէ։ Իրականում ՀՀԿ-ի համար ձայներ հավաքել են մականունավորները, որոնք գումար ու վարչական ռեսուրս օգտագործելով՝ անգամ մեր երեխաների միջոցով ապահովեցին այդ ձայները՝ դպրոցներ, մանկապարտեզներ։ ՀՀԿ-ն պետք է շնորհակալ լինի այդ մականունավորներին։ Այն, որ Սերժ Սարգսյանը կամ վարչապետն ասում են՝ փոփոխություններ են լինելու՝ իրականությանը չի համապատասխանում․ նրանք պետք է շնորհակալություն հայտնեն այդ մականունավորներին, և ապագա 5 տարիներին կտեսնենք այդ շնորհակալության մթնոլորտն ու հանգամանքը։
Եվ ինձ լավատեսություն չներշնչող երկրորդ հանգամանքն այն է, որ վարչապետն իր կառավարության հետ միասին բոլոր հարցերի լուծողն է դառնում և եթե պետք լինի ինչ որ բան անցկացնել, անկախ նրանից՝ ընդդիմությունից ով քանի ձայն ունի, իրենց կայուն մեծամասնությամբ կանցկացնեն այն, ինչ ուզում են։









































