Երեկ ԱՄՆ իշխանություններն իրականացրել են նոր ձերբակալություններ՝ բժշկական ապահովագրության ոլորտում խարդախությունների գործով իրականացվող քննության շրջանակներում: Ձերբակալությունները տեղի են ունեցել Արևմտյան Վիրջինիա նահանգում: Այս մասին հաղորդում է նահանգային WSAZ NewsChannel 3 հեռուստաալիքը՝ հղում կատարելով նահանգի դատախազ Բութ Գուդվինին:
Նրա տվյալներով, հանցավոր խումբը, որի մեջ մտնում էին ՌԴ քաղաքացիներ Իգոր Շևչուկը, Արսեն Բեջանյանը և Սարգիս Թադևոսյանը, գործել է Չարլսթոն քաղաքում և մտադիր է եղել հանցավոր գործունեության արդյունքում ստանալ մի քանի միլիոն դոլար՝ բժշկական ապահովագրության կեղծ անդորրագրերով: Այս նպատակով նրանք այս քաղաքում բացել էին գրասենյակ և ստեղծել էին մի քանի կեղծ ընկերություններ, որոնց հաշիվներին շինծու փաստաթղթերով փոխանցվել էր 4 միլիոն դոլար:
Դատախազն ասել է, որ նրանց ժամանակին են ձերբակալել, քանի որ այդ գումարները նրանք չեն կարողացել յուրացնել:
Հիշեցնենք, որ բժշկական ապահովագրության գործերով ԱՄՆ-ում վերջին շրջանում հարյուրավոր մարդիկ են ձերբակալել, որոնց թվում քիչ չեն նաև հայերը:









































