«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը:
– Պարոն Մարտիրոսյան, Դուք ֆեյսբուքյան Ձեր էջում մի գրառում էիք կատարել, որ վերջին 8 տարվա մեջ Սերժ Սարգսյանի համակիր չեք տեսել, բայց ՀՀԿ-ն երեկ 80 հազար ձայն ստացավ: Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս ստացվեց, որ համատարած դժգոհության, իշխանությունների հանդեպ անվստահության այս պայմաններում ՀՀԿ-ն հերթական անգամ հաղթանակ գրանցեց:
– Իշխանությունը զավթած անձանց երկարատև ջանքերի, ծախսերի, ահաբեկման, վարչական ռեսուրսի օգտագործման շնորհիվ է, որ քաղաքական դաշտում չմնացին իրական ընդդիմադիրներ: Բացի այդ, այդ «հաղթանակը» պայմանավորված է նաև նրանով, որ 10 հազար դրամ վերցրած քաղաքացիները այլընտրանք չէին տեսնում: Քանի որ այդ «հաղթանակը» գնված հաղթանակ է, ապա այն վաճառողները, երբ տեսնում են, որ այլընտրանք չկա, ապա գնում են նաև այդ քայլին և վաճառում են իրենց ձայնը: Այլընտրանք իսկապես չկա: Ի՞նչ պետք է անեին՝ փողո՞ց դուրս գային, բայց փողոց դուրս գալու կոչեր չկային, առաջնորդներ: Դրա համար այն քաղաքացիները, ովքեր քաղաքականապես կոփված չէին, գնացին այդ քայլին: Իսկ եթե լինեին այդ ուժերը, կոչերն ու գաղափարները, և դրանից հետո ընտրողը վաճառեր իր ձայնը, կարելի էր քննարկել: Բայց չկար այդ այլընտրանքը: Սցենարը գծված էր, իսկ գծված սցենարի պայմաններում հասարակ ընտրողը չէր կարող այդքան խորանալ և հասկանալ նրբերանգները:
– Դուք ասում եք, որ այլընտրանք չկար, բայց ընտրություններին 9 քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Ելք» դաշինքը, որը բավական ժողովրդականություն է վայելում, արևմտամետ դիրքերից հանդես եկող «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ՀԱԿ-ը: Սրանք այլընտրանք չէի՞ն իշխանությանը: Ավելի լավ չէ՞ր ընտրություն կատարել այս ուժերի միջև, քան վաճառել ձայնը 10 հազար դրամով:
– Ես ձեր թվարկած ուժերին այլընտրանք չեմ համարում: Դա իմ անձնական կարծիքն է: Ես այդ բոլոր ուժերին՝ դաշինքներին ու կուսակցություններին, ովքեր մասնակցել են այս ընտրություններին, համարում եմ սցենարի մաս: Թե այդ սցենարի շրջանակներում ինչ պայմանավորվածություններ են եղել, կամ արդյո՞ք դա եղել է լուռ համաձայնությամբ, ինձ համար նշանակություն չունի: Ես իրենց բոլորին համարում եմ սցենարի մաս:
– Եթե իրապես այլընտրանք լիներ իշխանական կուսակցությանը, Ձեր կարծիքով՝ այդ ուժին կհաջողվե՞ր մինչև վերջ տեր կանգնել իր ստացած ձայներին, թե՞ ՀՀԿ-ն իր մեթոդներով, թվեր նկարելով՝ կրկին կապահովեր իր վերարտադրությունը: Նախորդ բոլոր ընտրությունները դա են փաստում: Չե՞ք կարծում, որ խնդիրն այլընտրանքային քաղաքական ուժը չէ:
– Եթե «եթե»-ներով ենք խոսում, ես կարող եմ ձեր բերած օրինակից բացի՝ մի քանիսը ևս բերել: Բայց ես գիտեմ, որ ՀՀԿ-ն բաղկացած է մարդկանցից, ում համախմբել է մերկանտիլ շահը, փողը: Եթե այսօր ՀՀԿ-ին մի կարգին «բո» ասեն, վախենալու են ու փախչեն կամ երկրից, կամ էլ փախչելու են ու մտնեն այդ «բո» գոռացողի թևի տակ: Այսինքն՝ եթե լինի այդպիսի ուժ, լինեն մեծ ձայներ, ապա այդ ժամանակ ուրիշ գործընթացներ կսկսվեն: Այդ գործընթացները հաճախ լինում են բացարձակ անկանխատեսելի: Օրինակ՝ հուլիսի16-ին ոչ ոք չգիտեր, որ հուլիսի 17-ին ապստամբ խմբի կողմից մի ամբողջ ոստիկանական գունդ կգրավվեր: Ես այն մարդկանցից եմ, որ տեսել եմ, թե ինչպես է ահռելի Սովետական Միությունը փլուզվել: ՀՀԿ-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, որ եթե ժողովուրդը դեմ քվեարկի, կարողանա դրան դիմադրել:
– Բայց մենք ամեն ընտրության համոզվում ենք, որ ժողովուրդը միահամուռ դեմ չի քվեարկում ՀՀԿ-ին, այլ 5-10 հազարով վաճառում է իր ձայնը և համակերպվում իրականության հետ: Դուք չե՞ք մեղադրում գումար վերցնողներին:
– Ես համարում եմ, որ դա ավելի մեծ պատասխանատվություն ունեցողների մեղքն է: Դա իմ մեղքն է, որ ժամանակին իշխանության մաս կազմելով՝ սատարել եմ այդ իշխանությանն ավելի, քան իրավասու էի: Դա քաղաքական կուսակցությունների մեղքն է, որ հստակ չեն ձևակերպել իրենց հայացքները, իրենց պահանջները, չեն դիմադրել այնքան, որքան պետք էր: Սա մեր ընդհանուր զարգացածության, ազնվության, արիության բացակայության հետևանք է: Այստեղ հարյուրավոր գործոններ կան, բայց ամենակնհայտն այն է, որ մարդը, որին 10 հազար դրամ են տալիս, նրանց զգալի մասը թշվառության մեջ է: Բայց եթե նրանք իմանային, թե ում են ձայն տալիս և ինչի համար, իրականում լիներ այդ այլընտրանքը, շատ հնարավոր է, որ հրաժարվեին 10 հազարից:
– Պարոն Մարտիրոսյան, մենք քարոզարշավի ընթացքում լսում էինք, որ եթե ընտրությունները կեղծվեն, վարչական ռեսուրս կիրառվի կամ ընտրակաշառք բաժանվի, ապա հետընտրական պրոցեսներն անխուսափելի են: Որոշ ուժեր նույնիսկ արյունահեղությունը չէին բացառում: Բայց ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո բոլորը, կարծես թե, լռում են, ընդունում են ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը:
– Ես այդ հարցին արդեն պատասխանեցի: Չեն բողոքում, չեն վիճարկում արդյունքները, քանի որ իրենք սցենարի մի մասն են:
– ՀՀԿ-ն ստացավ ձայների առավելագույնը, միանձնյա ձևավորելու է կառավարությունը: Ի՞նչ ենք մենք ունենալու հարջորդող հինգ տարիներին՝ մինչև հաջորդ ընտրություն:
– Մինչև հաջորդ ընտրություններ մենք ունենք մի հնարավորություն, որը կար նաև այս ընտրություններից առաջ: Դա այն է, որ ամեն մեկն իր տեղում պայքարի իր իրավունքների համար: Ամեն մեկը պայքարի նաև ուրիշների իրավունքների համար, ինչ-որ բանով օգնի, թիկունք կանգնի իր կողքինին, դիմադրության և անկախության օրինակներ ցույց տա: Քանի որ անկախության սերունդը մի քանի անգամ ավելի լավն է իր որակներով նախորդող սերնդից, եթե կարողանա ինչ-որ բան դեպի լավը փոխել, պետական մարմիններում ինչ որ դիրք զբաղեցնել, ապա դա մտածելակերպի փոփոխություն առաջ կբերի, որը կհանգեցնի համակարգային փոփոխությունների: Այս պահին ես ուրիշ որևէ հրաշագործ դեղատոմս չեմ կարող առաջարկել: Աշխարհում գործընթացներ են կատարվում, մասնավորապես՝ Արևմուտքից, որտեղից վերջին մի քանի հարյուր տարին գալիս են առաջադիմական գաղափարները, կարող է լինել ճնշում Հայաստանի իշխանությունների վրա, կարող է դեմոկրատացում տեղի ունենալ Ռուսաստանում, որտեղից առայժմ միայն բացասական ազդակներ են գալիս, այդ ժամանակ մեզ մոտ էլ իրավիճակ կփոխվի: Եվ նույնիսկ այն մարդիկ, ովքեր սպասարկում են վարչակարգ, կոռուպցիոն բուրգի շրջանակներում կարող են աշխատել և ապրել որպես նորմալ քաղաքացիներ:
– Դուք կարծում եք՝ Արևմուտքից փոփոխությունների ալիքը կարո՞ղ է Հայաստան գալ՝ այն պայմաններում, երբ Հայաստանում արևմտյան արժեքներ քարոզող, արևմտյան արժեքների հետևող ուժերը պարտություն կրեցին:
– Ես չեմ կարծում, որ արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերին հաջողվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը, կողմնորոշումը՝ որպես այլընտրանք: Որքանով որ իմ շփումներն են ցույց տալիս, մարդիկ տեղյակ չէին, որ այդպիսի կողմնորոշում ունեցող ուժեր են մասնակցում այս ընտրություններին:









































