«Հանրապետականի ինչ լինելը գիտենք, «Բարգավաճ Հայաստանին» մաղթենք, որ իսկապես դառնա քաղաքական ուժ։ Իսկ «Ելքը» ասում էր՝ պետք է հաղթեր չէ՞, ես հաղթելն այլ կերպ գիտեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանելով անցկացված խորհրդարանական ընտրությունները, ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
«Դաշնակցականներին 100 տարի է գիտենք, բայց 100 տարվա արդյունքը չենք տեսել։ Ոչ մի հայկական սփյուռքյան կազմակերպություն չի ունեցել այնքան նվիրյալներ, որքան որ դուք, բայց քանի որ ի սկզբանե աստվածամերժ եք եղել, Աստված էլ ձեզ է մերժել, ձեր պատճառով էլ մեր ժողովրդին»,- կարծում է Հայրիկյանը։
Նրա խոսքերով՝ պետք է լայն համախմբմամբ պայքարեին ժողովրդավար Հայաստանի համար, բայց քանի որ չստացվեց՝ մնացածի մասին խոսելն անիմաստ է համարում. «Մենք չմասնակցեցինք ընտրություններին, դաշինք չստացվեց, կեղծ դաշինքները ստեղծվեցին, որ մեր ասած դաշինքը չստեղծվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Սպասելի՞ էր իր համար, որ ՕՐՕ դաշինքն առհասարակ խորհրդարանում տեղ չի ունենա հարցին ի պատասխան, Պարույր Հայրիկյանն ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրված նախագահ էր իրեն համարում, ուրեմն այդ ի՞նչ աստիճան ես ժողովրդին հիասթափեցրել, որ այդ ողորմելի տոկոսը չես հավաքում։ Բայց ընդհանրապես իրենք պատժվեցին ԱԻՄ-ի ու մյուս դաշնակիցների հետ իրենց պահվածքի համար։ «Ելքն» էլ եթե ձևեր չթափեր ու այլ ուժերի հանձնարարություն չկատարեր, ապա 20 տոկոսի չափ կունենար։ Հիմա «Ելքը» եթե արժանապատվություն ունի, ապա պետք է ասի՝ մեծամասնություն չհավաքեցինք, ուրեմն անելիք չունենք»։
Հարցին, որ ամեն դեպքում լա՞վ է, որ խորհրդարան մուտք է գործում եվրոպական արժեքներին հարող քաղաքական ուժ, Հայրիկյանն արձագանքեց. «Ելքը» կիսատ-պռատ է խոսում այդ մասին, բայց պրոեվրոպական լինեին՝ առաջինը Հայրիկյանին կասեին, կամ մեր նամակին կարձագանքեին։ Բայց մեկ է, առանձին ոչինչ չեն կարող, պետք է բոլորով միավորվեինք»։
Պարույր Հայրիկյանն ասաց, որ հիմա հայտնվել ենք նոր իրավիճակում՝ կեղծված Սահմանադրությամբ ձևավորված Ազգային ժողով. «Ազատ, անկախ Հայաստան կերտելու համար աշխատանքը պետք է շարունակենք»։










































