Երևանի պետական համալսարանում ուսման վարձերի վճարման վերջնաժամկետի փոփոխություն չի կատարվել:
Այս մասին «Փաստինֆո»–ին հայտնել են ԵՊՀ լրատվական բաժնից:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, թե ուսման վարձավճարների թանկացման դեմ բողոքի ալիքը մեղմելու նպատակով, բուհի ղեկավարությունը որոշում է կայացրել այս տարի երկարացնել ուսման վարձերի վճարման համար սահմանված ժամկետը:
«Նման որոշում չկա, առաջին կուրսեցիների համար ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է»,- կայքի հետ զրույցում ասել է ԵՊՀ լրատվության պատասխանատու Կարեն Գրիգորյանը:
Հարցին, թե արդյո՞ք, բողոքներն ազդել են վարձավճարների հավաքման վրա և չի՞ նվազել արդյոք մուտքերի մակարդակը, Կարեն Գրիգորյանը վստահեցրել է, որ նախորդ տարիների համեմատ վճարումների քանակը որևէ փոփոխություն չի կրել: «Այս տարի էլ նույնն է, ինչ նախորդ տարիներին»,- վստահեցրել է զրուցակիցը:
Նշենք, որ առաջին կուրսի ուսանողները ուսման վարձերը մինչև սեպտեմբերի 6-ը չվճարելու դեպքում կարող են հեռացվել համալսարանից:








































