Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու պարտքը մահվան պահին կարող էր կազմել 481 մլն դոլար՝ գրում է բրիտանական Financial Times պարբերականը: Նման գնահատական է հնչել Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանում լսումների ժամանակ, որտեղ քննարկվել է օլիգարխի դստեր՝ Եկատերինա Բերեզովսկայայի հայցը՝ իրեն նշանակել հոր ունեցվածքի տնօրինող:
Ավելի վաղ դատարանը Բերեզովսկու ունեցվածքի տնօրինող էր նշանակել միջազգային աուդիտորական Grant Thornton ընկերությանը, քանի որ ոչ ոք ցանկություն չէր հայտնել դառնալու կտակակատար:
Դատավորի խոսքով՝ լսումների հիմնական հարցերից մեկն այն էր, թե բավարա՞ր են արդյոք օլիգարխի միջոցները պարտքերը մարելու համար: «Աերոֆլոտի» փաստաբանը ներկայացրել է անկախ գնահատականներ, համաձայն որոնց՝ մահվան պահին օլիգարխը սնանկ է եղել, իսկ պարտքը կազմել է 481 մլն դոլար:
Բերեզովսկայան համաձայն չէ նման գնահատականի հետ: Նրա փաստաբանները կասկած են հայտնել անկախ վերահսկիչների աշխատանքի որակի առնչությամբ:
Լսումների արդյունքում դատավորը Բերեզովսկայային նշանակել է «սահմանափակ հիմքով» օլիգարխի ժառանգության տնօրինող:












































