Թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը՝ լազերային ուղեցուցային համակարգով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Նշվում է, որ նման հրթիռներով շուտով կզինվեն թուրքական արտադրության ATAK հարվածային ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության ինժեներների կողմից, նոր հրթիռի փորձարկումն անցել է հաջող։ «Շնորհիվ նոր հրթիռների՝ աճել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հզորությունը»,-մեջբերում է գործակալությունը Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքի հայտարարությունը։
«Օդ-երկիր» կամ «երկիր-երկիր» տիպի L-UMTAS հրթիռը կարող է կիրառվել 8 կմ շառավղով հեռավորության վրա զրահատեխնիկայի ոչնչացման համար։ Լազերային ուղեցուցային համակարգի շնորհիվ՝ նոր հրթիռը կարելի է օգտագործել գիշերային ժամերին։









































