Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում տեղակայված 9/41 ընտրատեղամասում ժամը 12:00-ի դրությամբ գտնվող ԵԱՀԿ դիտորդները ընտրական գործընթացը դրական են գնահատում: «Արդեն մի քանի ընտրատեղամասում եղել ենք, ընդհանուր առմամբ՝ տպավորությունները դրական են, դեռ էական խախտումներ չենք գրանցել»,- ասել է գերմանացի դիտորդ Էլվիրա Դրոբինսկին:
Ռումինիայից Պետրու Մովիլան էլ նշել է, որ որոշ տեխնիկական հարցեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրական գործընթացը լավ է կազմակերպված: «Հաշմանդամություն ունեցող անձանց համար որոշ՝ ոչ այնքան դյուրին պահեր կան, սակայն, ընդհանուր առմամբ, գործընթացը դրական է կազմակերպված»,-ասել է ռումինացի դիտորդը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը սկսվել է առավոտյան ժամը 8:00-ին: Բացվել են հանրապետության ողջ տարածքում ձևավորված 13 ընտրատարածքների 2009 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 9 քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները:











































