«Սիրիայում խորացող հակամարտությունն ու ռազմական գործողությունների հավանականությունը միայն ու միայն տագնապի, հավելյալ մտահոգության տեղիք են տալիս, պարտադրում հնարավոր զարգացումների պարագայում լուծումների մասին մտածել: Մեր համայնքի կորուստներն արդեն անդառնալի են, իսկ պատերազմը շարունակվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Սիրիայում այս օրերին կատարվող իրադարձություններին, կարծիք հայտնեց «Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
Մեր այն հարցին, թե «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պատրաստվո՞ւմ է որևէ օգնություն ցուցաբերել Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին, Լիլիթ Գալստյանը պատասխանեց․ «Աստված մի արասցե՝ չբացառվող ռազմական ինտերվենցիայի պայմաններում նաև Լիբանանը կարող է ընդգրկվել պատերազմական շրջագծում։ Իրապես, տեղաշարժի բացառիկ սահմանափակություն կա, գրեթե անհնարինություն, և այս իրավիճակում հումանիտար օգնության մասին խոսելը իրատեսական չէ»:
Մեր զրուցակիցն, անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Ղարաբաղում օրեր առաջ արած այն հայտարարությանը, թե Հալեպից սպասվում է մեծ արտագաղթ, և որ մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին։ «Ցանկացած սցենարի դեպքում բնական է և սպասելի Հալեպից արտագաղթը։ Ճանաչելով և պատկերացնելով մեր երկրի սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և հատկապես բարոյական մթնոլորտը՝ դժվար է ասել, թե երկիրը պատրաստ է մեծ հոսք ընդունելու։ Առհասարակ, այսօր մեր քաղաքական օրակարգում հայրենադարձության թեման առաջնահերթություն չի, և լրջորեն չի քննարկվում այն՝ թե՛ դեմոգրաֆիական, թե՛ տնտեսական, նաև սոցիալ-մշակութային, բարոյական ու այլ ասպեկտներից։ Մինչդեռ, իմ խորին համոզումով, մեր քաղաքական օրակարգում՝ հատկապես արտագաղթի համատեքստում այն պիտի քաղաքական լուծումներ պարտադրեր, առաջնահերթություն դառնար՝ համախմբելով մեր ողջ կարելիությունները, ողջ համազգային ներուժը՝ իշխանություն. կուսակցություններ, եկեղեցի և այլն»,- ասաց Լ․ Գալստյանը։
Նա հավելեց, որ այս պահին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն իր հնարավորություններն ուղղել է բնակարանաշինական «Տանիք» ծրագրի իրականացմանը, որը Հայաստանում հաստատված սիրիահայերին թույլ կտա մատչելի գներով բնակարան ձեռք բերել Դավիթաշենում կառուցվող բազմաբնակարան շենքում։ Այս պահին հատկացված է հողատարածք, ընթանում են նախագծաճարտարապետական աշխատանքները։









































