Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Վարուժան Մարդանյանի գործի դատավարությունը:
49-ամյա Վարուժան Մարդանյանն աշխատել է Երևան քաղաքի ոչ թե «Գրիգոր Լուսավորիչ», այլ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբուժագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ:
Մեր նախորդ հրապարակման մեջ որպես ամբաստանյալի աշխատավայր սխալմամբ նշվել էր «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի անվանումը: Տեղեկատվությունը երկու օր առաջ վերցվել էր «Դատալեքսից», որտեղ այսօր առավոտյան բժշկական կենտրոնի անվանումը նշված էր՝ «Գրիգոր Նարեկացի»:
Լրագրողը հայցում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատողների և ընթերցողների ներողամտությունը:
Վարուժան Մարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ բժշկական կենտրոն ընդունելով Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի Հրածին Մալխասյանին, ոչ պատշաճ է կատարել իր մասնագիտական պարտականությունները, դրանց նկատմամբ դրսևորել է անփույթ, անբարեխիղճ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է Մալխասյանի մահը:








































