Կառավարությունը առաջիկա նիստին կերկարաձգի Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հարկային արտոնությունը: Մասնավորապես 2012-ին «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը կերկարաձգվի մինչև 2016 թվականի հոկտեմբերի 12-ը:
«Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ և Թայվանի Սինիկա ակադեմիայի միջև 2011 թվականին 5 տարի ժամկետով ստորագրվել է հուշագիր` Կովկասի տարածաշրջանում երկրաբանության, սեյսմոլոգիայի, ակտիվ տեկտոնիկայի և հրաբխայնության բնագավառում հետազոտություններ իրականացնելու նպատակով: Հետազոտությունների համար «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով Հայաստանի տարածք է ներմուծվել տեղորոշման SHUTTLE SH61R4 մոդելի GPS համակարգ (8 հավաքածու):
Այդ սարքավորումները ներմուծվել են մեկ տարի ժամկետով, սակայն ծրագրի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել դրանց շահագործումը, ուստի կազմակերպությունը սարքերի համապատասխան մաքսային ժամկետը ևս 3 տարով կերկարաձգվի:
Ծրագրի նպատակն է պարզել երկրակեղևի բլոկների բախման ընթացքում ձևավորվող լեռնագոյացման, մագմատիզմի, երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկությունները:






































