Հետաքրքիր է Եվրոպայի արձագանքը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին հայտարարությանը, որը վերջին շրջանում Եվրոպայի սիրելի դարձած Սերժ Սարգսյանը հանկարծ արեց Մոսկվայում՝ Պուտինի հետ հանդիպմանը: Եվրամիության պաշտոնյաները հայտարարեցին, որ Հայաստանը որոշումը կայացրել է Ռուսաստանի ճնշման և սպառնալիքների ներքո: Այն, որ Ռուսաստանը ճնշում էր ու սպառնում, տեսանելի էր անզեն աչքով: Ռուսաստանցի փորձագետներն ու Հայաստանում նրանց «մասնաճյուղերը» բացահայտորեն սպառնում էին Հայաստանին նույնիսկ պատերազմով և Ղարաբաղի կորստով:
Կարելի է պատկերացնել, թե անմիջապես Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ինչպիսի տեքստով են հնչել սպառնալիքները: Սակայն, այս ամենով հանդերձ, պարզ չէ՞ր միթե, որ սպառնալիքներ լինելու էին: Այդ դեպքում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը նման հաստատակամությամբ հայտարարում, որ Ասոցացման համաձայնագրից հետ չի կանգնի, կամ ինչո՞ւ էր Եվրոպան վստահում նրան: Սակայն, իհարկե, սա էլ մեծ հարց է, թե արդյո՞ք Եվրոպան նրան վստահում էր: Միգուցե հենց չվստահելու արդյունք էր այն, որ մի քանի անգամ կրկնեցին, որ Ասոցացման համաձայնագրի ու Մաքսային միության հարցում «և-և» չի կարող լինել, միայն՝ «կամ-կամ»: Ընդ որում, այդ մասին բավական հանդուգն ձևով Սերժ Սարգսյանին հիշեցրեց նաև Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին՝ Վարշավայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Այնուհանդերձ, Եվրոպան կարծես թե արձագանքում է Սերժ Սարգսյանին արդարացնող երանգներով: Համենայնդեպս, նրանք առայժմ հիասթափություն չեն արտահայտել նրա հայտարարությունների կապակցությամբ և խոսել են միայն ճնշումների ներքո տեղի ունեցածի մասին: Իհարկե, առայժմ դեռ լռում են Եվրոպայի առաջին դեմքերը՝ Եվրամիության առաջատար պետությունների առաջին դեմքերը Եվրահանձնաժողովի նախագահն ու Եվրահանձնակատարները: Նրանք հավանաբար սպասում են ինչ-որ բանի, ինչ-որ հարցեր են պարզաբանում Հայաստանի ու Ռուսաստանի հետ: Այսինքն, Եվրոպայի արձագանքն, անկասկած, կունենա երկրորդ ալիք և առավել կարևոր կլինի հենց այդ երկրորդ ալիքի ընթացքում հնչածը:
Կփոխվի՞ Եվրոպայի կարծիքը, և որ կողմ՝ ավելի կոշտությա՞ն, թե՞ Հայաստանի իշխանություններին, այնուամենայնիվ, «կհասկանան ու կներեն», ինչպես կասեր «Նաշա Ռաշա» հեռուստանախագծի «ալկաշ» հերոսներից մեկը, որին, ի դեպ, մարմնավորում է հայազգի դերասան-շոումենը:
Չի բացառվում, որ Եվրոպայի արձագանքի երկրորդ ալիքը պայմանավորված լինի այլ հանգամանքներով էլ, քան Մոսկվայում կատարվածը: Այսինքն, որոշակի նշանակություն ունենան նաև Սիրիայի շուրջ զարգացումները: վերջին հաշվով չի բացառվում, որ Արևմուտքը Հայաստանի հարցում որոշակի զիջման գնացած լինի՝ Սիրիայի հարցում զիջումներ ակնկալելով նաև Մոսկվայից: Ըստ որում, Մոսկվան միգուցե արդեն իսկ արել է դրանք՝ չմատակարարելով Սիրիային խոստացած սպառազինությունները: Շատ հավանական է, որ տեղի ունեցածն այս ավելի մեծ խաղի մի դրվագ էր ընդամենը: Սակայն այս տեսանկյունից՝ Հայաստանը թողնում է գնդակի տպավորություն, որն այժմ անցնում է մյուս կիսադաշտ: Չի բացառվում, որ հաջորդ դրվագներում Եվրամիությունն արդեն ձեռնարկի քայլեր, որոնք «գնդակը կխլեն» Ռուսաստանից: Իսկ սրա պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները, մտնելով արտաքին այս խաղի մեջ (իհարկե` չմտնելու անհնարինության պայմաններում, քանի որ դա թույլ չէր տալիս Հայաստանի աշխարհագրական դիրքն ու արտաքին մի քանի խնդիրների առկայությունը), այնուամենայնիվ ներքին կյանքում չարեցին այն կենսական քայերը, որոնք մեր պետությունն այդ խաղում գնդակի փոխարեն դարձնելու էին կարևոր խաղացողներից մեկը:







































