Google ընկերությունը հաղորդել է, որ Android օպերացիոն համակարգի բջջային նոր տարբերակը (4.4) կստանա KitKat ծածկագրային անվանումը՝ ի պատիվ նույնանուն շոկոլադի:
Google-ը բառի օգտագործման թույլտվությունը ստացել է KitKat ապրանքանիշի սեփականատիրոջից՝ Nestle կոնցեռնից: Այս մասին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով միջազգային գործընկերության հարցերով Android-ի տնօրեն Ջոն Լագերլինգին:
Երկու ընկերությունները կնքել են համագործակցության համաձայնագիր: Նրա խոսքերով՝ Google-ն իր օպերացիոն համակարգը կանվանի KitKat, իսկ Nestle-ն KitKat շոկոլադ կարտադրի, որի փաթեթավորման վրա կլինի կանաչ ռոբոտ: Շոկոլադը կվաճառվի աշխարհի 19 երկրներում:
Համաձայնագրի պայմանները չեն նախատեսում վճարումներ ո՛չ Google-ի, ո՛չ Nestle-ի կողմից:
Google-ի ներկայացուցիչները մեկնաբանել են, որ օպերացիոն համակարգը շոկոլադի անվամբ կոչելու պատճառն այն է, որ շոկոլադը «ճաշատեսակներից մեկն է, որ ծրագրավորողները պահում են խոհանոցում՝ գիշերային ժամերին ուտելու համար»: Ավանդույթի համաձայն՝ Android-ի ծածկագրային անվանումներն ընտրվում են ի պատիվ այս կամ այն քաղցր ճաշատեսակի:








































