Այսօր ֆրանսիական Դովիլում ավարտվեց Մեծ ութնյակի ամենամյա գագաթնաժողովը: Գագաթնաժողովը հյուրընկալող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ներկայացրել է այն հարցերը, որոնք քննարկել են Ութնյակի ղեկավարները:
Նիկոլա Սարկոզին մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Բացի հռչակագրի հիմնական կետերից, որին «Առաջին լրատվականն» անդրադարձել է, Նիկոլա Սարկոզին խոսել է ԱՄՀ նոր ղեկավարի թեկնածության մասին: Նա հայտնել է, որ G8-ի անդամ երկրները համաձայնել են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնի համար առաջադրել Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդին: «Իմ կարծիքով, Ութնյակի երկրները համաձայն են ԱՄՀ ղեկավարի պաշտոնում առաջադրել Քրիստին Լագարդին»,- ասել է Սարկոզին:
Սարկոզին նաև խոսել է Լիբիայի խնդրի վերաբերյալ: Նշելով, որ Ութնյակի ղեկավարները միակամ են այն հարցում, որ Քադաֆին պետք է հեռանա` Սարկոզին ավելացրել է, որ ինքը պատրաստվում է մեկնել Բենղազի` ընդդիմության հետ բանակցելու համար: Սակայն այցելության ժամկետներն առայժմ ճշգրտված չեն: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ֆրանսիայի նախագահը խուսափել է Կարլա Բրունիի հղիության մասին հարցին պատասխանելուց:









































