Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր, 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկություն կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը հերթական անգամ նոր հնարավորություն է տվել թուրքական իշխանություններին՝ հայտարարելով, որ պետությունից ակնկալում է «կանաչ լույս».
«Մենք իշխանություններին ժամանակ ենք տալիս մինչև օգոստոսի 15-ը, և եթե արդյունք չտեսնենք, ապա կսկսվի պատերազմական ժամանակաշրջանը։ Երկրում կտիրեն համատարած թուրք-քրդական բախումներ»։
Հիշեցնենք, որ Օջալանի նախկին վերջնաժամկետն ավարտվում էր Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը 3 օր անց՝ հունիսի 15-ին։ Բնականաբար, վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), որի հաղթանակը խորհրդարանական ընտրություններում որևէ կասկած չի հարուցում, չէր հասցնելու 3 օրում որևէ գործուն քայլ կատարել «Քրդական հարցի» ժողովրդավարական կարգավորման ուղղությամբ։ Դրա համար էլ Օջալանը նպատակահարմար գտավ իր իսկ կողմից նշված վերջնաժամկետը երկու ամսով երկարաձգել։











































