«Մեծ ութնյակի» երկրներն այսօր մի շարք կարևոր հայտարարություններ են ընդունել: Մասնավորապես, նրանք աջակցություն են հայտնել Օբամայի մերձավորարևելյան նոր քաղաքականությանը: «Մենք մեր միանշանակ աջակցությունն ենք հայտնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաղեստինա-իսրայելյան կարգավորման վերաբերյալ դիրքրոշմանը, որի մասին նա հայտարարել է 2011 թ. մայիսի 19-ին»,- ասվում է փաստաթղթում:
Դովիլի գագաթնաժողովի մասնակիցները անդրադարձել են մերձավորարևելյան մի շարք կարևոր խնդիրների: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ որոշում է կայացվել հեղափոխություններ և հուզումներ վերապրած երկրներին 20 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ:
Բացի այս խնդրից, ութնյակը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, եթե երկրի իշխանությունները չսկսեն ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: «Մենք ցնցված ենք Սիրիայում բռնությունների զոհ դարձած խաղաղ ցուցարարների սպանությամբ, ինչպես նաև մարդու իրավունքների կրկնվող լուրջ խախտումներով: Մենք կոչ ենք անում Սիրիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել ուժի կիրառումն ու սիրիացիների վախեցնելու գործելաոճը և պատասխանել նրանց օրինական պահանջներին…»,- ասված է հայտարարության մեջ:
«Եթե Սիրիայի իշխանությունները հաշվի չառնեն այս կոչը, ապա մենք կքննարկենք այլ միջոցներ ձեռնարկելու հարցը: Մենք համոզված ենք, որ միայն նշանակալի բարեփոխումների իրականացումը թույլ կտա ժողովրդավար Սիրիային դրական դեր խաղալ տարածաշրջանում»,- նշվում է հայտարարության մեջ: Գերտերությունները նաև կոչ են արել համագործակցել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության հետ և կատարել նրա հանդեպ ստանձնած պարտավորությունները:
«Ութնյակն» անդրադարձել է նաև Եմենի խնդրին՝ նշելով, որ իրավիճակն այդ երկրում ավելի ու ավելի է մտահոգություն առաջացնում: «Մենք դատապարտում ենք բռնի ուժի կիրառումը՝ ի պատասխան Եմենում իրականացվող խաղաղ բողոքների»,- ասված է նրանց հայտարության մեջ:
«Մենք շարունակում ենք աջակցել այն գործընթացին, որն ուղղված է Եմենում քաղաքական և սոցիալական բարեփոխումներին և իշխանության խաղաղ փոխանցմանը: Մենք կոչ ենք անում նախագահ Սալեհին կատարել սեփական պարտքը և երաշխավորել, որ Եմենի ժողովրդի օրինական պահանջները հաշվի են առնվելու»,- ասվում է Դովիլի հայտարարության մեջ:









































