Հունիսի 12-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։
Կանխատեսումներ կան, որ այս ընտրություններից հետո Թուրքիայի ներքաղաքական կյանքում և արտաքին քաղաքականությունում լուրջ փոփոխություններ չեն լինի, քանի որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը նորից կկազմի միակուսակցական խորհրդարան, իսկ հիմնական մրցակիցներ համարվող «Ժողովրդահանրապետական» և «Ազգային շարժում» կուսակցությունները, չեն կարողանա առաջ անցնել վարչապետ Էրդողանի ղեկավարած կուսակցությունից։
Թուրքիայում բնակվող հայերի տեսակետի և ընտրություններից սպասելիքների վերաբերյալ զրուցեցինք Ստամբուլում հրատարակվող երկլեզու «Ակօս» թերթի պատասխանատու Արիս Նալջիի հետ։
«Բոլոր թուրքական կուսակցությունները գրեթե նույն բանն են ասում, երբ հարցը վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին կամ Հայոց ցեղասպանությանը։ Այս հարցերի վերաբերյալ Թուրքիան ունի ընդհանուր և նույնատիպ դիրքորոշում»,- ասում է Նալջին և նշում, որ ինքը ևս մեծ փոփոխությունների չի սպասում այս ընտրություններից.
«Գրեթե բոլոր կուսակցություններն ընտրողների հետ իրենց նախընտրական հանդիպումներում խոսում են հիմնականում սոցիալ-տնտեսական խնդիրներից այդ ուղղությամբ փոփոխություններից, ընդհանուր առաջընթացից, նույնիսկ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի վերաբերյալ գրեթե ոչ մի խոսք չկա»։
Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակվող հայերի քաղաքական նախապատվություններին, «Ակօս»-ի պատասխանատու խմբագիրը նշեց, որ չնայած սպասելիքները շատ չեն, բայց ստամբուլահայերի հիմնական մասը հակված է իր քվեն տալ անկախ թեկնածուներին, հատկապես՝ քուրդ ներկայացուցիչներին։











































