The Jerusalem Post պարբերականում հրապարակվել է Քնեսեթի նախկին աշխատակից Սյուզան Հաթիս Ռոլեֆի հոդվածը, որում նա պարզապես ամոթալի ու անհիմն է համարում Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Իսրայելի կողմից բերված պատճառաբանությունները.
«Ցայժմ Իսրայելն անտեսել է Հայոց ցեղասպանության փաստը՝ դրա համար բերելով բազմաթիվ արդարացումներ, որոնցից յուրաքանչյուրն ամոթալի է իր տեսակում: Դրանցից առաջինն այն է, որ Թուրքիան հերքում է հայերի զանգվածային սպանությունների համակարգված իրագործումը, ինչպես նաև նվազեցնում է տուժածների թիվը, ինչը միտված է Ցեղասպանություն բառից խուսափելուն:
Տարիներ ի վեր Իսրայելը Թուրքիան դիտարկել է որպես մուսուլմանական աշխարհում իր հատուկենտ ռազմավարական դաշնակիցներից մեկը: Դրա համար էլ Իսրայելի համար ճիշտ է համարվել «չարթնացնել քնած շանը»: Այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նմանատիպ դիրքորոշում է ընտրել ԱՄՆ-ը, կարծես թե արդարացնում է Իսրայելի այդ դիրքորոշումը:
Երկրորդ արդարացումն այն է, որ եթե հայերի սպանությունները որակվեն որպես ցեղասպանություն, ապա դա կարող է նվազեցնել Հոլոքոսթի հրեշավորությունը: Իսրայելի այս դիրքորոշումը վերաբերում է նաև մյուս ցեղասպանություններին, ինչը, իմ կարծիքով, ոչ միայն անհիմն է, այլև՝ ամոթալի: Անկասկած իր տեսակում Հոլոքոսթը բացառիկ է, սակայն դա չի նշանակում, թե պետք է նվազեցնել կամ անտեսել մյուս ժողովուրդների հետ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները:
Երրորդ պատրվակն այն է, թե քանի որ մենք չենք սիրում, երբ մեզ քննադատում են պաղեստինցիների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար, ուստիև մենք էլ չպետք է քննադատենք մյուս երկրներին` իրենց ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար:
Այս արդարացումը պարզապես հիմարություն և կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, քանի որ թեև խնդրահարույց է արաբ քաղաքացիների հետ (ներառյալ պաղեստինցիների) մեր հարաբերությունների պատմությունը, այնուամենայնիվ, դա ընդհանրապես նման չէ այն ոճրագործություններին, որոնց մասին խոսում էինք:
Խայտառակություն է, որ միայն հիմա՝ թուրք-իսրայելական հարաբերությունների աննախադեպ վատթարացումից հետո, երբ թուրքերը սկսեցին շարունակ հարձակումներ գործել Իսրայելի վրա, իսրայելական հասարակությունը վերջապես հնարավորություն է ստանում խոսելու Հայոց ցեղասպանության մասին»:
Հիշեցնենք, որ մուսուլմանական երկրներից առաջինը Թուրքիան 1949 թվականի մարտի 29-ին դե-ֆակտո ճանաչեց Իսրայել պետությունը, իսկ մեկ տարի անց ճանաչեց այն դե-յուրե:
Ի դեպ, թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը նոյեմբերի 25-ին Miliyet թերթում գրել էր. «Իսրայելի հետ ջերմ և թշնամական հարաբերություններ ունեցող երկրներն անմիջապես գործ են ունենում ԱՄՆ-ում հրեական լոբբիի հետ: Դրա վառ ապացույցը եղավ Իրանի հետ Թուրքիայի ջերմ հարաբերությունների հաստատումը և «Մավի Մարմարայի» միջադեպից հետո Իսրայելի հետ հարաբերությունների սրումը, որից հետո Թուրքիան հայտնվեց հրեական լոբբիի համար անցանկալի երկրների շարքում:
Հրեական լոբբիի ուժն ու ազդեցությունն ամենից շատ զգացվում է ԱՄՆ Կոնգրեսում: Մինչև վերջերս հրեական լոբբին աջակցում էր Թուրքիային, ինչի արդյունքում էլ Կոնգրեսում կանխվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդիրը, Կոնգրեսը կիպրական հարցում խոչընդոտներ չէր հարուցում, քրդական հարցին չէր աջակցում, Թուրքիան ինչ զենք ցանկանում էր՝ ստանում էր»:









































