Վաղ առավոտնից գեղեցիկի ու գեղեցկության մթնոլորտով էին համակված նաև Երևանի վարչական շրջանները: Կանանց միջազգային օրվան` Մարտի 8-ին նվիրված միջոցառումների համատեքստում, տեղերում տոնական բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչվել: Նախ հասարակական վայրերում, հրապարակներում ու այգիներում երիտասարդ կամավորները ծաղիկներով ու Երևանի քաղաքապետարանի շնորհավորական բացիկներով են դիմավորել անցորդ կանանց և աղջիկներին: Շատերը ներկա են գտնվել նաև օրվա ոգուն համահունչ մշակութային հանդիսություններին, համերգներին և այլ միջոցառումներին: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում եղել և երևանյան ջերմությունը վայելել են նաև մայրաքաղաքում հյուրընկալված կանայք ու աղջիկները: