Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն հայտարարել է երկրի ֆիսկալ ծառայության ղեկավար, ծնունդով Ադրբեջանից Ռոման Նասիրովի ձերբկալության մասին:
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, Նասիրովը ձերբակալվել է պետական կառավարական առողջարանական կենտրոնում «գազային գործի» հետաքննության շրջանակներում անցկացված խուզարկության ժամանակ:
Նասիրովի ձերբակալության մասին տեղեկատվությունը Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ներկայացուցիչը հաստատել է նաև Interfax-ի ուկրաինական ծառայությանը:
Նասիրովի փաստաբանները «Ազատություն ռադիոկայան»-ին հայտնել են, որ ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ լրագրողները հայտարարել են, որ Նասիրովի դեմ հանցագործություն կատարելու պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա տեղափոխվել է կորդոլոգիական բաժանմունք՝ սրտի կաթվածի կասկածանքով:
Հինգշաբթի երեկոյան Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն հայտարարել է, որ Նասիրովը ձերբակալվել է պատգամավոր Օնիշչենկոյի «գազային գործի» շրջանակներում: Նասիրովը կասկածվում է Օնիշչենկոյի՝ գազային ոլորտում աշխատող ընկերությունների պարտքերը ռեստրուկտուրիզացիա անելու մեջ:








































