Մադրիդի առաջին ատյանի դատարանը քննության է առել հայցն ընդդեմ Sony Music Publishing Latina ձայնագրման ստուդիայի և կատարողներ Շակիրայի ու Կառլոս Վիվեսի։ Այս մասին հայտնում է El Periodico-ն։
Պատասխանող կողմին մեղադրում են գրագողության մեջ։ Հայցվորի դերով հանդես է գալիս կուբացի կոմպոզիտոր Լիվան Ռաֆայել Կաստելյանոս Վալդեսը։
Ինչպես հաստատում է Վալդեսը՝ Շակիրան ու Վիվեսն առանց թույլտվության օգտագործել են իր Yo te quiero tanto ստեղծագործությունից տարրեր իրենց La bicicleta երգում, որը թողարկվել է 2016-ի մայիսին։ Թրեքը հիթ է դարձել, իսկ դրա տեսահոլովակը YouTube-ում արժանացել ավելի քան 700 մլն դիտման։
Ավելի վաղ կողմերը փորձել են համաձայնության գալ, սակայն արդյունքի չեն հասել։
Լիվան Ռաֆայել Կաստելյանոս Վալդեսը Yo te quiero tanto-ն գրել է 1997 թվականին։









































