ՀՀ կառավարությունը մարտի 3-ին հերթական նիստին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասայնը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծ:
«Հարցի էությունը հետևալն է՝ Գերմանական զարգացման վարկերի բանկը դեռ 2011-ից Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր է իրականացնում Հայաստանում, դրամաշնորհային մեծ ծրագիր է սա, մինչև 2020թ այս դրամաշնորհային ծրագիրը պետք է ուղղվի Սյունիքի մարզում «Զանգեզուր» կենսոլորտային կենտրոնի հզորացմանը»,- նշել է Ա. Մինասյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով բնապահպանական վճարներին՝ նշել է, որ դրանց հիմնական մասը վճարվում է խոշոր աղտոտողների կողմից, սակայն թղթաբանությունը, հաշվետվությունների ներկայացման ձևը և ծավալը նույնն է բոլոր աղտոտողների համար: «Արդյունքում, չունենալով աղտոտման և վճարումների մեծ ծավալներ, փոքր ծավալի աղտոտողները զգալի ժամանակ և ռեսուրսներ են ծախսում նախագծերի, ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար, իսկ լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջիններիս հսկողության, տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և վերլուծության համար»,- ասել է կառավարության ղեկավարը և հանձնարարել ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար, դիտարկել ըստ գործունեության տեսակի ընդհանրացված և տիպային վճարների ներդրման հնարավորությունները։









































