«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը։
– Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող նախընտրական զարգացումները, որքանո՞վ են աշխարհում ընթացող միտումները և Հայաստանում տեղի ունեցող գործընթացները նման իրար: Ինչո՞ւ է հասարակության առաջադեմ ու մտածող հատվածը հաշտվել պարտության հետ և ասպարեզը թողել լյումպենի առաջնորդներին։
– Բնականաբար, Հայաստանն իզոլացված չէ աշխարհից, և գլոբալ մակարդակի կարևորագույն իրադարձությունները չեն կարող ընդհանրապես որևէ ազդեցություն չունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Բայց պետք է նշել, որ Հայաստանի քաղաքական ռեժիմը բավականին յուրօրինակ է, և այն արտաքին աշխարհի իրադարձությունների ազդեցության ընկալման առումով բավականին կայուն է: Ճիշտ է, մեկուսացված չէ Հայաստանը, բայց միևնույն ժամանակ ռեժիմը բավականին կոնսերվատիվ է և սոցիալական հարաբերությունները, քաղաքական իրադարձությունները հիմնված են այլ խաղի կանոնների վրա, ինչը ընդունված չէ զարգացած, դեմոկրատական աշխարհում, այնպիսի երկրներում, որոնք մեծ ազդեցություն ունեն միջազգային հարաբերությունների վրա և միևնույն ժամանակ ունեն դեմոկրատական հաստատված քաղաքական մշակույթ: Այս առումով, օրինակ, ԱՄՆ ընտրությունները, ընտրությունների արդյունքում ձևավորված նոր իշխանությունը բնականաբար քիչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա՝ հասկանալի պատճառներով, քանի որ Միացյալ Նահանգները, չնայած իր բոլոր թերություններին, մնում է ժողովրդավարական երկիր՝ թեև ԱՄՆ-ում կառավարման ղեկին այսօր կանգնած են ավտոկրատիկ հակումներ ունեցող և ոչ առաջադեմ գաղափարախոսություն ունեցող անձեր։ Միաժամանակ, մենք տեսնում ենք, որ նաև մեծ հակադրություն կա այդ ամենին՝ տարատեսակ ինստիտուտներ գոյություն ունեն, որոնք հակակշռում են կառավարությանը և կան տարբեր հասարակական, քաղաքացիական ակտիվ խմբեր, որոնք ինքնավար են և կախվածություն չունեն իշխող էլիտայից։ Նրանք կարող են հնարավորինս անկախ մնալ կառավարության գործունեությունից և կարող են ճնշումներ բանեցնել, կարող են վերահսկել Միացյալ Նահանգների այսօրվա իշխանավորների ոչ լիբերալ քաղաքականությունը: Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ազատականները, այսինքն՝ զսպումների և հակակշիռների մեխանիզմը հնարավորիս կչեզոքացնի ոչ ազատական, ավտոկրատիկ միտումները, որոնք այսօր առկա են Միացյալ Նահանգների իշխանության ներսում: Այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Միացյալ Նահանգներում, հետաքրքիր են մի քանի տեսանկյունից և այդ պրոցեսների վերլուծությունն արդեն իսկ հետաքրքրություն կարող է ստեղծել Հայաստանի հասարակության համար, բայց անկեղծ ասած ես չեմ տեսնում այդ ուղղությամբ որոշակի աշխատանք տարվի հայաստանյան քաղաքագիտական, հասարակագիտական շրջանակներում: Սովորելու բան, կարծում եմ, կա, և բավականին շատ: Այս առումով, թեև ոչ անմիջականորեն, բայց այդ իրադարձությունները կարող են ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, հասարակության ակտիվության, քաղաքացիական խմբերի ձևավորման վրա և այլն: Ուղղակի ազդեցություն, կրկնում եմ, չեմ տեսնում և Հայաստանը շարժվում է իր ուրույն ուղիով: Հայաստանի քաղաքական ռեժիմն, այս առումով, ավելի շատ կարող է ազդվել նման ռեժիմներ ունեցող պետությունների քաղաքականության փոփոխությունից: Օրինակ՝ Ռուսաստանում եթե լինեն լուրջ ներքաղաքական փոփոխություններ, կամ հետխորհրդային երկրներում, այն երկրներում, որոնց հետ Հայաստանն ուղղակի կապ ունի, տարբեր հարաբերություններ ունի, նման փոփոխությունները կարող են անմիջականորեն ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:
– Ըստ էության՝ ԱՄՆ դեմոկրատների նման Հայաստանում էլ ազատականությունն ու արևմտամետությունը խորը ճգնաժամ է ապրում։ Նույնիսկ նրանք, ովքեր համոզված արևմտամետներ են, այս ընտրություններում որոշել են դրա մասին շատ բարձր չխոսել: Ինչո՞ւ, ըստ Ձեզ:
– Այնքան էլ համամիտ չեմ, որ լիբերալ գաղափարները այսօր այնքան էլ պոպուլյար չեն, բայց որոշակիորրեն աճել է այն մարդկանց թիվը, որոնք չեն ընդունում այդ արժեքները և նրանք այսօր ակտիվացել են։ Սա խոսում է այն մասին, որ լիբերալ գաղափարախոսության կողմնակիցները, ազատական արժեքներ կրողները լուրջ խնդրի առջև են կանգնած, նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնց պետք է ադեկվատ պատասխան գտնել: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ այդ միտումը ուղղակիորեն ազդել է հայաստանյան ուժերի վրա, կամ իրենց լիբերալ հռչակած ուժերի վրա։ Բայց այսօր Հայաստանում բոլորովին այլ քաղաքական գործընթաց է տեղի ունենում և այսպես ասած գաղափարախոսությունները, ընդհանուր առմամբ, մղվել են երրորդ –չորրորդ պլան: Ոչ միայն լիբերալ գաղափախարոսությունը չի երևում ներքաղաքական դիսկուրսում, այլ ընդհանրապես որևէ գաղափարախոսություն չի երևում:
– Պատճառները որո՞նք են:
– Պատճառները ներքաղաքական իրադարձություններն են, կարծում եմ՝ վերաձևավորվում է քաղաքական դաշտը, և քաղաքական ռեժիմը որոշակի տրանսֆորմացիաների է ենթարկվում: Մենք տեսնում ենք, որ առաջին պլան են մղվել անձերը, քաղաքական պատմություն ունեցող որոշ գործիչներ, որոնք ուզում են իրենց տեղն ամրապնդել քաղաքական դաշտում, և փորձում են որոշակի ռեսուրսների տիրապետել։ Այս ամենը, կարելի է ասել, կապ չունի կուսակցական գործունեության և հանրության շահերն արտահայտելու հետ: Այս պարագայում գաղափարախոսությունների մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է, որովհետև ինչ գաղափարախոսության մասին կարող է խոսք լինել, երբ առաջին պլան են մղվում ուղղակի անձեր, որոնք պատմականորեն, մեր կարճ անկախ պետականության ժամանակահատվածում եղել են տարբեր բանակներում, տարբեր գաղափարախոսական ճամբարներում և այսօր մեկը մյուսի հետ փորձում է համագործակցաբար, որպես նոր մինի թիմեր, իրենց տեղը հաստատել Հայաստանի քաղաքական դաշտում, որոշակի ռեսուրսների տիրապետել, փորձել ինչ-որ կերպ գոյատևել որպես քաղաքական սուբյեկտ: Մենք այս գործընթացն ենք տեսնում:
Մեկ խնդիր ևս. կարծես թե հայաստանյան ավտորիտար ռեժիմի մոդելը ճգնաժամ է ապրում և հիմա քաղաքական էլիտայի բոլոր սուբյեկտները փորձում են հնարավորինս իրենց ձեռնտու վերաձևակերպումների ենթարկել ռեժիմը: Եվ ի վերջո մենք տեսնում ենք, որ որոշ օլիգարխներ, կարծես թե, սկսում են ավելի շատ իրենց համար աշխատել, քան ընդհանուր թիմի։ Մասնատման է ենթարկվել հայաստանյան իշխող քաղաքական էլիտան, և որոշակի մրցակցություն եմ տեսնում էլիտայի ներսում։ Այդ մրցակցությունը միշտ էլ կար, բայց հիմա կարծես թե ավելի շատ է սրվել, ընդհուպ մինչև այն աստիճանի, որ քաղաքական էլիտայի տարբեր կարկառուն դեմքեր, ներկայացուցիչներ դուրս եկան ՀՀԿ-ից, ֆորմալ իշխանությունից: Եվ քանի որ նրանք տիրապետում են լուրջ քաղաքական, տնտեսական ռեսուրսների, անկախ նրանից, որ պաշտոն չեն զբաղեցնում, դեռևս շարունակում են տիրապետել քաղաքական և տնտեսական լուրջ ռեսուրսների և բնականաբար ունեն լուրջ մասնակցություն քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
– Ի՞նչ արդյունք այս ամենը կարող է ունենալ:
– Դժվար է այսօր հստակ գնահատական տալ, թե այս ամենի արդյունքը ինչպիսին է լինելու: Այս փոփոխությունը ինստիտուցիոնալիզացվելո՞ւ է, թե՞ այնուամենայնիվ, էլի վերադառնալու է հին ձևին։ Որոշակի փորձարկումների շրջան անցնելուց հետո հնարավոր է նաև, որ այս ամենը դադարեցվի, և վերականգնվի ավտորիտար ռեժիմի հին տեսակը, բայց իհարկե նաև հնարավոր է, որ նոր տեսակի ավտորիտար ռեժիմ ստեղծվի: Ռուսաստանում թեև ավելի խիստ ավտորիտար համակարգ է հաստատված, քաղաքացիական ինստիտուտները շատ ավելի թույլ են, բայց կա սոցիոլոգիական կենտրոն և այն վստահելի է հանրության շրջանում, ընդդիմությունը նույնպես վստահում է այդ կենտրոնին: Բայց կարո՞ղ եք նշել հայաստանյան որևէ կենտրոն, որ վստահելի է բոլորի կողմից, որ ունենա բարձր վարկանիշ և փորձի հասկանալ վերջին իրադարձությունները, ուսումնասիրի հասարակական կարծիքը: Նման պարագայում դժվար է վերլուծություններ անել: Մենք չգիտենք հանրության ընկալումներն ինչպիսին են: Քաղաքական էլիտան ինքը փակ է, չի բացվում, հռչակվածը մի բան է, տեղի ունեցածը մեկ այլ բան է։ Քաղաքականությունը հիմնականում կուլիսների հետևում է վարվում, և դու դժվարանում ես հետազոտել այն, ինչ չի երևում:
– Էլիտաների ներսում տեղի ունեցող պայքարը հնարավոր է՝ հանգեցնի լրջագույն փոփոխությունների, ի վերջո ինչո՞ւ է իշխանության ներսում դա տեղի ունենում: Օրինակ, շատ օդիոզ կերպարներ տեղ են գտել ԲՀԿ-ում, սա իշխանության գծած սցենա՞րն է:
– Խնդիրն այն է, որ իշխանությունները միատար չեն, որ ունենան մեկ ընդհանուր սցենար, նրանք եթե ուզենան էլ, չեն կարող այդպիսի սցենար մշակել և առաջ տանել: Այսինքն՝ իշխանության ներսում տարբեր կլանների միջև լուրջ բախումներ և ռեսուրսների համար պայքար կա: Հիմա ինչպե՞ս կարող է այս պայմաններում լինել մի սցենար, պայմանավորվածություն, իմաստը ո՞րն է: Նման իշխանական սցենար գծելու համար միասնական իշխանություն պետք է լինի, միասնական թիմ, որը լուրջ հակասություններ չունի, մենք դա չենք տեսնում: Մենք տեսնում ենք, որ իշխանությունը ֆրագմենտացված է, իշխանության քաղաքական էլիտայի ներսում կա ռեսուրսների լուրջ պայքար: Այլ բան, որ տարատեսակ պայմանավորվածություններ կարող են լինել այդ գործընթացի ընթացքում, այսինքն՝ երբ բախվում են քաղաքական էլիտայի ներսում տարբեր խմբերի շահերը, և ժամանակ առ ժամանակ գալիս են որոշակի պայմանավորվածությունների և այլ բանի, որ այդ քաղաքական համաձայնություններն իհարկե նաև պրոյեկտվում են քաղաքական անցուդարձի և քաղաքական քարտեզի վրա, և չեն կարող չպրոյեկտվել։ Այսինքն՝ որոշակիորեն ինչ-որ համաձայնությունների արդյունքում կարող է լինել այն, որ այսօր այսպիսի պատկեր ունենք ընտրությունների ժամանակ: Բայց սրանք խաղ չեն, միասնական թիմի կողմից մշակված չեն, այլ ուղղակի սիտուացիոն համաձայնություններ են, տարբեր ուժերի մասնակցությամբ ձեռք բերված խաղի կանոններ են, որը վաղը, մյուս օրը այդ ամենը շատ արագ կարող է փոխվել, կարող է ինչ-որ մի ուժ ավելի ուժեղացնել իր դիրքերը և դրա արդյունքում մենք կունենանք քաղաքական այլ խճանկար:
Ամեն դեպքում ինչ միտումներ ենք այսօր տեսնում, ինչպես նշեցի, շատ քաղաքական, տնտեսական լծակների տիրապետող անձեր և թիմեր ավելի շատ իրենց համար են աշխատում և, հնարավոր է, որ բոլորը զգացել են, որ քաղաքական էլիտայի ներսում կոնկրետ մի խումբ, որը նաև ֆորմալ առումով տիրապետում է գործադիր իշխանությանը, փորձում է կառավարելի դարձնել քաղաքական էլիտայի բոլոր տեսակի սեգմենտները: Հնարավոր է, որ այդ ավտոնոմիայի համար պայքար է գնում, այսինքն՝ այսօր օլիգարխները պայքարում են իրենց ավտոնոմիայի համար, և այս պրոցեսները հենց դրա ազդակն են: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ կուսակցությունը ընտրություններին իրեն ավելի շատ կխանգարի՝ ոչ թե կօգնի: Թեև որոշակի սոցիոլոգիական հարցումներ չեն արվում, բայց լրագրողական հարցումներ են արվում, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ հակված են պաշտպանել ռեյտինգային թեկնածուներին, իսկ կուսակցությանը պաշտպանելու միտում չունեն։ Նույնիսկ երևում է, որ շատ շատերը բացասաբար են տրամադրված ՀՀԿ-ի նկատմամբ, բայց տեղում ՀՀԿ ռեյտինգային այս կամ այն թեկնածուին են պաշտպանում և ուզում են, որ նրա դիրքերը ամրապնդվեն։ Այսինքն՝ իրենց ապագան կապում են ռեյտինգային օլիգարխների հետ, որոնք կոնկրետ տարածքում, կոնկրետ ոլորտում իրենք են խաղի կանոնները որոշում, իրենք են տիրապետում լծակների, իրենք են կարողանում ազդել մարդկանց կյանքի վրա, իրենք են կազմակերպում այդ կոնկրետ տարածքում մարդկանց սոցիալ-տնտեսական կյանքը: Եվ այն, որ որոշ օդիոզ դեմքեր հետին պլան են մղվել, նույնպես խոսում է այն մասին, որ փորձ է կատարվում օլիգարխներին հնարավորինս վերահսկելի դարձնել, փորձ է կատարվում առաջին պլան մղել այն սուբյեկտներին, որոնք հնարավորինս վերահսկելի են և ապագայում էլ կարող են վերահսկելի լինել: Մինչ այժմ ավտոնոմիա ունեցող օլիգարխները սա հասկանում են, և բնականաբար սա ձեռնտու չէ նրանց և փորձելու են ամեն գնով պահել իրենց ինքնավարությունը:









































