2016թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով, զոհերի թիվը նվազել է՝ 20%-ով: Այդ մասին այսօր փետվարի 28-ին ասել է փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը՝ ԱԻՆ կոլեգիայի նիստում ներկայացնելով նախարարության 2016 թ. արդյունքները:
Հիմնական զեկույցում ամփոփ ներկայացվեցին 2016 թ. ընթացքում նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքները և 2017 թ. հիմնական անելիքները: Ներկայացնելով հաշվետու տարվա արտակարգ դեպքերի վիճակագրության պատկերը՝ ՓԾ տնօրենը նշեց, որ 2016թ. ընթացքում գրանցված արտակարգ դեպքերը նվազել են 13.4%-ով, զոհերի թիվը նվազել է՝ 20%-ով:
Հանրապետության հանրապետական նշանակության ճանապարհներին ձմռան ամիսներին ձնաբքի հետևանքով արգելափակված քաղաքացիներին արագ և արդյունավետ օգնություն ցուցաբերելու նպատակով 2016թ. հունվար-փետրվար ամիսներին, այնուհետև դեկտեմբերի 27-ից սկսած՝ ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում ծավալվել են ժամանակավոր շուրջօրյա հենակետեր:
Հաշվետու ժամանակահատվածում օպերատիվ-տակտիկական նախապատրաստման ուղղությամբ անցկացվել են հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական և այլ բնույթի ուսումնավարժություններ: Մ. Ղազարյանի խոսքով՝ առավել կարևորվել են ՔՊ ստորաբաժանումների ստեղծման և զարգացման հիմնախդիրները: «911» ծառայությունում ներդրվել է «911 SOS» ահազանգման հավելվածը և «911» ծառայություն՝ SMS-ի միջոցով տեղեկատվություն փոխանցելու համակարգը, ինչի շնորհիվ զգալիորեն պարզեցվել է հատուկ կարիքավոր մարդկանց օգնություն հայցելու գործընթացը:









































