Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Մարտին Շուլցը հունվարի 29-ին երկրի կանցլերի պաշտոնում առաջադրվելուց հետո առաջին անգամ կորցնում է ընտրողների աջակցությունը: Այս մասին վկայում ենBild am Sonntag թերթի պատվերով Emnid ծառայության կատարած հարցման արդյունքները:
Հարցին՝ «Արդյոք հավատո՞ւմ եք, որ Շուլցը կանցլեր կդառնա այս աշնանն ընտրություններում», հարցվածների միայն 36%-ն է դրականորեն պատասխանել, հարցման մասնակիցների 50%-ը դա հնարավոր չի համարում: Երբ 5 տարի Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Շուլցը վերադարձել է Գերմանիայի քաղաքական ասպարեզ, սկզբնական շրջանում գրավել է քաղաքացիների համակրանքը և ամբողջ փետրվարին ժողովրդականությամբ առաջ է եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից: Նրա առաջադրումը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարկանիշը բարձրացրել է 40%-ով՝ մինչև 10 տարում ամենաբարձր մակարդակի:
Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցությունների վարկանիշին՝ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այս շաբաթ կորցրել է 1% և աջակցության մակարդակով հավասարվել է Մերկելի իշխող բլոկին, նրանք ստացել են 32-ական տոկոս: Երրորդը եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է, որին աջակցել է հարցվածների 9%-ը:
Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին:












































