Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին այցելել էր կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների նորաստեղծ կենտրոն, որտեղ ծանոթանում էր կենտրոնի պայմաններին և աշխատակազմին, իսկ իրականում՝ պարզապես դասախոսություն էր կարդում կենտրոնի աշխատակիցների համար, նրանց ցուցումներ տալիս, թե ինչպես պետք է աշխատել, ինչ անել և այլն:
Հատկանշական էր և այն, որ Սերժ Սարգսյանը կենտրոն այցելել էր առանց վարչապետ Կարեն Կարապետյանի ուղեկցության: Միգուցե դա արտառոց չէ, քանի որ ի վերջո՝ ամենուրեք չէ, որ նախագահը պետք է գնա վարչապետի ուղեկցությամբ, սակայն տվյալ պարագայում հանգամանքը ուշադրության արժանի է դարձնում այն, որ կենտրոնը վարչապետ Կարեն Կարապետյանի «մանուկն» է, նրա ծնունդը: Այդ կենտրոնի գաղափարը հղացել է Կարապետյանը, և տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հենց նրա հետ այցելեր կենտրոն: Բայց Սարգսյանն այցելում է առանձին, ընդ որում՝ այցելում ոչ այնքան ծանոթանալու, որքան ցուցումներ տալու նպատակով: Այլ կերպ ասած՝ Սարգսյանի այցի նպատակն էր ցույց տալ, թե ով է «տանտերը» և ում «ռազմավարությունն» է, որ պետք է մշակվի այդ կենտրոնում:
Սարգսյանի այդ այցն ու նման բովանդակությունը հատկապես ուշագրավ են դառնում այն բանից հետո, երբ հրապարակվեց Կարեն Կարապետյանի խոսքը 2018-ի մասին, որում նա նշում է, թե իր կարծիքով՝ այդ ժամանակ այլևս չի լինի վարչապետ լինելու սահմանադրական արգելք, նա կհամապատասխանի պահանջներին:
Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան լուռ դիմակայությունն աստիճանաբար թափ է հավաքում, և այն, անկասկած, կստանա նորանոր դրսևորումներ: Այստեղ առավել ուշագրավը այն է, թե իրեն ինչպես է պահելու իշխանական համակարգը, ինչպես է կողմնորոշվելու այդ դիմակայությունում, որքան էլ որ այն կրելու է լուռ, ոչ ճակատային բնույթ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի և նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պարագայում իրավիճակն այլ էր, և գործնականում այդպես էլ չառաջացավ կողմնորոշվելու խնդիր, քանի որ կա՛մ սպասում կար, որ Սարգսյանն ընդամենը փոխանցելու է էստաֆետը Աբրահամյանին, կա՛մ Աբրահամյանն ինքն էր դրան սպասում և, որպես այդպիսին, որևէ խնդիր չէր դնում համակարգում կողմնորոշվելու համար:
Կարեն Կարապետյանի դեպքում նա փաստորեն ներկայացնում է 2018-ին վարչապետ լինելու հայտ, ու քանի որ վարչապետ լինելու ծրագիրն ուժի մեջ է թողնում նաև Սերժ Սարգսյանը, իսկ նախագահ այլևս չի լինելու, այսինքն՝ ներկայիս լիազորություններով նախագահ, այստեղ ահա իշխող համակարգի համար արդեն իսկ առաջանալու է կողմնորոշումների խնդիր: Եվ առաջանալու է այդ խնդիրը ոչ թե մոտ ապագայում, այլ արդեն իսկ խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ կուլմինացիան լինելու է ընդամենը մեկ տարի անց:










































