Մարդասիրական աղետը սպառնում է Հարավային Սուդանի, Սոմալիի, Եմենի և Նիգերիայի բնակչությանը, եթե առաջիկա ամսում այդ երկրներում մարդասիրական գործողությունների իրականացման համար չհատկացվեն անհրաժեշտ միջոցներ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
«Ավելի քան 20 մլն մարդ Հարավային Սուդանում, Սոմալիում, Եմենում և Նիգերիայի հյուսիս-արևելքում սովի եզրին են և ապրում են սննդամթերքի աղետալի սղության պայմաններում»,-Գուտերեշի խոսքերն է փոխանցում Associated Press-ը։
Նա նշել է, որ այդ 4 երկրներում մարդասիրական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է տարեկան ավելի քան 5.5 մլրդ դոլար։ Ներկայում ստացվել է ընդամենը 90 մլն դոլար։
«Մեզ առնվազն 4.4 մլրդ դոլար է պետք մինչև մարտի վերջ՝ աղետը կանխելու համար»,-ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ եթե քայլեր չձեռնարկվեն, ապա ժամանակի հարց է սովի տարածումն այլ շրջաններ։
Ավելի վաղ ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնել էր, որ աշխարհում ավելի քան 1.4 մլն երեխաների սովամահություն է սպառնում։







































