«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարոն Մեհրաբյան, Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ։ Մի շարք հայտարարությունների հետ մեկտեղ նշել է նաև, որ բանակում ոչ ոք չպետք է փորձի ծավալել կուսակցական քարոզչություն։Կարծում եք՝ ՀՀԿ-ն մտավախությո՞ւն ունի, որ նախկին նախարար Սեյրան Օհանյանի մտերիմները կարող են կանգնել իր կողքին, և բանակը տհաճ անակնկալ մատուցի Սարգսյանին։
– Կա այդ ուղերձում նման մտավախություն։ Բայց, այնուամենայնիվ, պետք է այլ տեսանկյունից ևս նայել՝ ՀՀԿ ցուցակը գլխավորում է պաշտպանության գործող նախարարը, և որպեսզի որպես հակասություն չընկալվի, ըստ Սարգսյանի՝ պետք է լրացուցիչ պարզաբանել, թե Վիգեն Սարգսյանի կողմից ցուցակը գլխավորելը արդյոք նշանակո՞ւմ է բանակի ներգրավում ներքաղաքական իրադարձություններին, թե՞ ոչ։ Չէ՞ որ Վիգեն Սարգսյանը թեպետ զինվորական չէ, բայց ներգրավված է ինչ-ինչ քաղաքական գործընթացներում։ Այսինքն՝ բանակը՝ մի կողմից, ՀՀԿ ցուցակը գլխավորելը՝ մյուս, և, ըստ Սարգսյանի, իբր թե պետք չէ խառնել մեկը մյուսին։
– Իսկ, այնուամենայնիվ, հնարավո՞ր է բանակի հրամկազմը հանկարծ հօգուտ Սեյրան Օհանյանի աշխատի, չէ՞ որ վերջինս, ի տարբերություն Վիգեն Սարգսյանի, ԶՈՒ-ում ավելի մեծ աջակցություն է վայելել։
– Գոնե այս պահին նման բան չի նշմարվում, և բանակը վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից։ Բացի այդ՝ պաշտպանության գործող նախարարի կողմից Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորելը ինքնին մեծապես կկանխորոշի, թե ինչպես քաղաքականապես կկողմնորոշվի բանակը։
– Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքի հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում։ Այս կարճ ժամանակահատվածը արդյոք բավարա՞ր կլինի համոզել հանրությանը, որ նա ընդդիմադիր է։
– Ես չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն, այնուամենայնիվ, քաղաքական ապագա ունի Հայաստանում՝ դրանով կսահմանափակվեմ։
– Իսկ դաշի՞նքը։
– Նմանապես՝ ոչ։ Ես չեմ տեսնում քաղաքական ապագա, չեմ տեսնում դրական առաքելություն, որ պետք է անի այդ դաշինքը, և այդ իմաստով, կարծում եմ, ընտրարշավի վերջաբանն էլ կդառնա հենց այդ դաշինքի քաղաքական վերջաբանը նույնպես։
– Ուսումնասիրելով ողջ դաշտը՝ ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանի իշխանությանը ռեալ այլընտրանք ստեղծվե՞լ է։
– Ներկայումս ձևավորվել է մի նեոսովետական իրողություն, և այդ նեոսովետական իրողության մեջ Հայաստանում կարող է գնալ պայքար միայն առաջին քարտուղարի փոփոխության համար։ Բայց այդ պայքարը որևէ ձևով կասկածի տակ չի դնում ձևավորված կարգերը, և այդ իմաստով ժամանակավորապես բյուրեղացված համակարգում այդպիսի այլընտրանք չկա, առանձնապես մեծ խնդիր էլ չեն դնում։ Բայց դա ամենևին էլ չի վկայում այն մասին, որ այդպես հավերժ շարունակվելու է։ Հայաստանն, այնուամենայնիվ, բախվելու է պրոբլեմ 2018-ին, այսինքն՝ 2018-ի ապրիլից հետո, երբ ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, ով է լինելու Հայաստանի դե ֆակտո իշխանությունը։ Այս ապրիլի ընտրությունները այդ հարցի պատասխանը չեն ենթադրում՝ անկախ դրա վերջնարդյունքից։









































