Եմենի մայրաքաղաք Սանա’այում շարունակվում են արյունալի բախումները: Ստացվող տեղեկություններով կառավարական ուժերը և Հաշիդի ցեղի ներկայացուցիչները կատաղի մարտեր են մղում ցեղի առաջնորդ Սադիկ Ալ-Ամհարի բնակության շրջանում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Երկուշաբթի օրն այդ շրջանում ծագած մարտերն արդեն խլել են 60 մարդու կյանք: Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Եմենի գործող նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը, որի կողմից հաշտության համաձայնագիրը ստորագրել հրաժարվելուց հետո սկսվել են այս մարտերը, հրաման է արձակել Ալ-Ամհարին ձերբակալելու մասին: «նախագահը հրամայել է ձերբակալել Ալ-Ամհարի որդիներին` նրանց պատասխանատվության կանչելու համար», ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որն ուղարկվել է լրատվամիջոցներին հեռախոսային կարճ հաղորդագրության միջոցով:








































