«Առաջին լրատվական»-ը շարունակում է ուսումնասիրել պետական բյուջեից գերատեսչություններին հատկացված գումարները ծախսելու ուղղությունները: Իհարկե, միայն լրագրողական աչքով դժվար է ամենայն մանրամասնությամբ հասկանալ, թե որքանով են արդյունավետ ծախսվել այդ միջոցները, բայց հաճախ առաջին հայացքից էլ նկատելի են կոռուպցիոն երևույթները: Եվ որքան էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեն, թե ցանկացած գերատեսչության դեպքում բյուջետային ծախսերը թափանցիկ են մինչև վերջին դրամը, և յուրաքանչյուր ոք ցանկացած պահի կարող է հետևել դրանց, կամ՝ որ իրենց յուրաքանչյուր ծախսի դեպքում բացատրություն կա, միևնուն է՝ այնտեղից անընդհատ ու բազմապիսի ատկատների հոտ է գալիս:
Մենք մի քանի անգամ արդեն անդրադարձել էինք, թե ինչ հնարքներ են գործադրվում Ազգային ժողովում ծախսեր իրականացնելու դեպքում: Այս անգամ պարզապես անդրադառնանք, թե 2013թ. բյուջեով որքան գումար է հատկացվել խորհրդարանին, և դրա որ մասը ինչ ծախսերի համար է նախատեսված:
Եվ այսպես. 2013թ. ԱԺ-ին պետբյուջեից հատկացվել է 2 մլրդ 812 մլն դրամ: Այդ գումարի մեծ մասը՝ 1 մլրդ 577 մլն-ը, կազմում են աշխատավարձերն ու հավելավճարները: 31.7 մլն դրամը հատկացվել է քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանը: Կապի ծառայությանը հատկացվել է մոտ 116 մլն դրամ: Այսինքն՝ ԱԺ-ում այդքան արժողությամբ հեռախոսային, համացանցային կամ փոստային ու այլ ծառայությունների վարձ է տրվում: Այդ գումարի գերակշիռ մասը, սակայն, հատկացվում է հեռախոսավարձին: Ինչպես ՀՀ ցանկացած գերատեսչությունում, այնպես էլ ԱԺ-ում հեռախոսակապի, հատկապես արտասահման հեռախոսային զանգերի դեպքում օգտագործում են ամենաթանկ՝ հիմնականում «ԱրմենՏելի» ֆիքսված կապը: ԱԺ-ում նույնպես չեն մտածում նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ անհամեմատ էժան կապ տեղադրելու և բյուջեի գումարները խնայելու մասին:
ԱԺ-ի ծախսերի գերակշիռ մասը՝ ուղիղ 350 մլն դրամ, հատկացված են գործուղումներին և շրջագայություններին: Ընդ որում, անցած տարի այդ նպատակի համար հատկացվել էր անհամեմատ ավելի քիչ՝ 308 մլն դրամ: Դժվար է ասել, թե այս տարի ինչու են ավելացել պատգամավորների շրջագայությունների վրա ծախսվող գումարները, և արդյոք այդ ավելացումը բարձրացրե՞լ է խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ:
Բավականին պատկառելի գումար՝ 249 մլն դրամ, հատկացվել է ներկայացուցչական ծախսերին: Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակումներում, գերատեսչությունների ղեկավարները հատկապես այս ծախսերի դեպքում են շատ չարաշահումներ թույլ տալիս: Ընդ որում, այս տարի, անցած տարվա համեմատ, ԱԺ-ի ներկայացուցչական ծախսերն ավելացել են 54 մլն դրամով: Եվ գրեթե միշտ նշված չէ, թե այս գումարներն ինչի համար են ծախսվում: Լավագույն դեպքում այն կարելի է կռահել այն ընկերության անունից, որի հետ գործարք է կնքվել: Նշենք նաև, որ ԱԺ-ի ծախսերի դեպքում համատարած է այն երևույթը, որ մրցույթ հայտարարելուց խուսափելու համար մասնատում են մի գործարքը, որպեսզի դրանցից յուրաքանչյուրը չգերազանցի 1 մլն դրամը: Օրինակ՝ ապրիլի նույն օրը՝ 17-ին, «ՍՍ թրավըլ» ընկերության հետ 19 պայմանագիր, որոնցից յոթի արժեքը 990.000 դրամ է, մյուսներինը՝ փոքր-ինչ քիչ կամ շատ, բայց չի գերազանցում 1 մլն դրամը:
Խորհրդարանի այս տարվա բյուջեն ունի նաև երեք հետաքրքիր տողեր՝ «Հատուկ նպատակային այլ նյութեր», «Այլ նպատակներ բյուջեից» և «Այլ ծախսեր», որոնցից առաջինի դեպքում հատկացված է 38 մլն դրամ, երկրորդի դեպքում՝ 45,2 մլն, իսկ երրորդի դեպքում՝ 50 մլն դրամ: Եվ եթե «Հատուկ նպատակային այլ նյութեր»-ի համար հատկացված 38 մլն-ի դեպքում մոտավորապես հնարավոր է հասկանալ, թե ինչի վրա է այդ գումարը ծախսվել, ապա մյուս երկուսի՝ ավելի քան 95 մլն-ի դեպքոմ կառավարության համապատասխան ծախսերի բաժնում, ինչպես ներկայացուցչական ծախսերի դեպքում, ընդհանրապես ոչինչ նշված չէ: Ահա թե որտեղ են թաքնված գերատեսչությունների ատկատներն ու այլ բնույթի չարաշահումները:
Ճիշտ է, մեր այս հրապարակումների դեպքում թե ԱԺ-ից, թե այլ գերատեսչություններից բացատրություններ են եղել, որ իրենք իրենց գումարները ծախսել են օրենքի տառին համաձայն, բայց այդ նույն օրենքը գերատեսչությունների ղեկավարներին ատկատների ու չարաշահումների հիանալի հնարավորություններ է ընձեռում:
Լուսանկարը՝ Photolure-ի











































