ՀՀ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը, այսօր ամփոփելով անցած չորս ամիսներին հանրապետությունում գրանցված ավտովթարների դեպքերը, որոնք, ի դեպ, նախորդ տարվա համեմատ աճել են, ասաց.
«Սա ուղղակի զուտ բացարձակ թվերի աճ է, իրականում պատկերը նույնն է, ինչ որ 2010 թ.-ին է եղել: Ընդամենը աճը կապված է այն հանգամանքի հետ, որ հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվեց ԱՊՊԱ-ի համակարգը, և բոլոր տրանսպորտային միջոցները ամենաթույլ վնասվածքների դեպքում, կանգնում են դեպքի վայրում, պահանջում են ապահովագրական կազմակերպության ներկայացուցչին: Այդ պատահարները գրանցվում են, ոչ մի պատահար դուրս չի մնացել հաշվառումից, այդ իսկ պատճառով էլ վթարների կոնկրետ թվի թեթևակի աճ ա զգացվում»:
Ըստ ներկայացված պաշտոնական տվյալների՝ վերջին չորս ամիսների ընթացքում գրանցվել է 574 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 60, իսկ մարմնական վնասվածք ստացել՝ 832 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը աճել է 74-ով, զոհերի թիվը պակասել է 12-ով և վիրավորների թիվը աճել է 138-ով.
«Ընդհանուր վթարայնության վիճակը կայուն է հանրապետությունում, անհանգստացնող որևիցե բան չկա, խնդիրներ են, որ պետք է ընթացքում լուծվեն, ՃՈ-ի կողմից ամեն ինչ արվում է վթարայնության վիճակը կայուն պահպանելու համար»,- վստահեցրեց Նորիկ Սարգսյանը և ավելացրեց, որ «շատ կարևոր է, որ զոհերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ պակասել է 12-ով, մենք բոլոր մեր հանդիպումների ժամանակ խնդիր էինք դրել պակասեցնել զոհերի թիվը, որը մեր կողմից ստացվել է, արդյունքները դրական են»:








































